top of page

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԻԱՅՆ ԻՐ ԹԻՄՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԿԱՅԱՑՆԵԼ ԿԱՐԵՒՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Apr 7
  • 3 min read

Արդեն գրել էինք, որ Գյումրու ընտրություններին մասնակցած «Իմ հզոր համայնք»-ի ընտրացուցակի 3֊րդ համարը զբաղեցնող, ավագանու անդամ, Մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացնել: Նկարչուհին ավագանու մանդատից հրաժարվելու իր որոշումը պատճառաբանում է առողջական խնդիրներ  ունենալու հետ կապված։

Հիշեցնենք, որ  «Իմ հզոր համայնք»-ի քաղաքապետի թեկնածուն պրոդյուսեր, երգահան  Ռուբեն Մխիթարյանն էր, որի գլխավորած թիմը 3 ավագանու անդամ կունենա համայնքապետարանում։ Նշենք, որ ՏԻՄ օրենքի համաձայն՝ կին ավագանու անդամին փոխարինելու է հենց կին թեկնածուներից որևէ մեկը։ Hraparak.am-ը ներկայացնում է Սուսաննա Մկրտչյանին փոխարինող,  ցուցակում 6-րդ համարը զբաղեցնող  Սուսաննա Մոսոյանին , ով սեփական նախաձեռնություններով հանդես եկող երիտասարդ գյումրեցի է։ Նա աշխատում է Թումո կենտրոնում, հիմնել է «Գյումրեցի կանայք» սոցիալական հարթակը, որտեղ  տարատեսակ հարցեր են քննարկվում, այդ թվում՝  քաղաքական, ինչպես նաև քաղաքին վերաբերող  ։

  Արդյոք Գյումրիում ընդդիմության միավորումը եւ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելը լավագույն ելքն էր, Սուսաննան կարծում է․«Լա՞վ էր, որ Գյումրիում ՔՊ-ն չի ունենա իշխանություն՝ այո։ Լա՞վ էր, որ ընդդիմությունը ունեցավ մի որոշում՝ այո։ Ամենալա՞վ ելքն էր՝ ոչ։ Կա՞ր այլ ելք՝ ոչ։ Միշտ եղել եմ ռեալիստ ու անկեղծ, կշարունակեմ նույն ձևով։ Չի կարող ոչ մի բան կաշկանդել, ոչ էլ ստիպել կորցնել օբյեկտիվությունը ու իրատեսությունը ։Երբ ժամանակին Բալասանյան դաշինքը ու ընտրված, բավականին լավ աշխատող քաղաքապետը հրաժարական տվեցին ու գնացին, ոչ մեկին չհետաքրքրեց, գոնե 5 գյումրեցի դուրս չեկավ, կանգներ, ասեր՝ մենք ընտրել ենք՝ ինչու՞ են գնում էս մարդիկ, բայց քաղաքի մեծամասնությունը հո գիտի, որ հենց այնպես չեղավ դա։

Երբ ԺՊ նշանակվեց ոչ ավագանու կազմից, ոչ ոք չասեց՝ ինչու եք դրսից նշանակում, ավագանուց մեկին նշանակեք ու արագ տարեք նոր ընտրության, լուռ, հանգիստ հարմարվեցինք, սպասեցինք, մինչև հարմար մեկին գտան, բերեցին, 3 ամիս ռեկլամ արեցին ու տարան ընտրության։

Երբ նոր ընտրությունների համար թեկնածուները առաջարկում էին տարբեր խելացի, կայացած, ազդեցիկ գյումրեցիների ընդգրկվել ցուցակներում, մեծամասամբ ստանում էին մերժումներ, շատերը ասում էին՝ իմ մի ձայնը ունեմ, կտամ, կպրծնեմ, գործ չունեմ խնդիրների մեջ կընկնեմ, շատերն էլ հետաքրքրվում էին, թե ինչ շահ կունենան դրանից եւ իմանալով, որ առանձանպես ոչինչ, բացի քաղաքին ծառայելուց, հրաժարվում էին։ Բայց գուցե, անձամբ թեկնածու լինելով ՝ իրենց շրջապատի 30-40 հոգուն ճիշտ կողմնորոշեին  ու արդյունքն  այլ լիներ։ Գուցե բոլորիս կողք կողքի կանգնած տեսնելով՝ գյումրեցին լրիվ այլ որոշում կայացներ։

Երբ խնդրում էին թեկնածուները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ, բոլորը խուսափում էին երևալ, առանց երևալու հանդիպում էին, խոսում, քննարկում, բայց անգամ մի կադրում երևալուց վախենում էին, մինչդեռ դա կարող էր օգնել մարդկանց ընտրության հարցում կողմնորոշվել, ավելի վստահ լինել ընտրելիս։ Զուգահեռ տեսնում էինք, թե ինչ շերտեր չեն ամաչում իրենց նախընտրած թեկնածուներին աջակցել, նկարվել, իրենց հարևան, բարեկամների շրջանում քարոզել, խնդրել, կաշառք բաժանել, սպառնալ, ստիպել... Ինձ հետաքրքիր էր, թե վերջում,  որ շերտը քանի տոկոսով է ներկայացված մեր քաղաքում ու տեսանք։

Երբ խնդրում էինք գոնե գնալ ընտրության, ասում էին ․ «Ամեն ինչ որոշված է», «Բոլորն էլ նույնն են», բոլոր առաջարկվող այլընտրանք տարբերակների դեպքում «արդարացումը» կար,  թե ինչու չեն ընտրելու իրեն։ Մինչ փորձում էին խելացի ձևանալ, ուրիշները վստահ էին իրենց ընտրության մեջ ու գնացել ընտրել են։



Հիմա երբ տեսել ենք թվերը, ունենք հստակ տոկոսներ, մանդատների հստակ քանակներ, նույն մարդիկ ընկճված են արդյունքներից, ասում են. «Գոնե մի բան անեիք, դուք լինեիք, գոնե մի բան անեիք X-ը անցներ», բայց կա պարզագույն, տարրական դասարանի մաթեմատիկա, կան մանդատների քանակ ու հասարակ գումարում, հանում, կա տղամարդու խոսք, մի բան անել կարող էինք այլ արդյունքի, այլ դասավորվածության դեպքում, բայց ունենք այն, ինչ ունենք։ Եթե շատերի համար բոլորն էլ նույնն էին, հիմա ինչ էական է, թե ով է ընտրվել էդ նույն մարդկանց համար։


Գյումրու ավագանին 33 հոգուց է բաղկացած, քանի որ ամփոփիչ նիստը արդեն եղել է, կարող եք ինքներդ էլ գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել, տեսնել թե մեծամասնություն կազմելու այլ, արդար ու տրամաբանական տարբերակ կար թե ոչ»։Անդրադառնալով նորընտիր ավագանու գործունեությանը Սուսաննա Մոսոյանը նշում է․ «Գյումրիում ռեալ շանս կա ավագանու իրական ու արդյունավետ աշխատանք տեսնելու։ Կստացվի, թե ոչ, նվիրված կաշխատեն թե ոչ, ցույց կտա ժամանակը։ 


Ուշադրություն դարձրեք, որ բոլոր 3 ուժերը, որոնք քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին, ուղղակի ասել են, որ ապահովելու են անհրաժեշտ ձայներ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու համար։ Չեն ասել կոալիցա ենք կազմում, եսիմ ինչ հուշագիր ենք ստորագրում, չեն ասել անվերապահ աջակցում ենք, իրար մեջ պաշտոնների առ ու վաճառք չեն արել, ինչը նշանակում է, որ հետագայում բոլորը գործելու են անկախ։ Դա բխում է յուրաքանչյուր գյումրեցու շահից, այսինքն՝ ոչ ոք, այդ թվում ապագա քաղաքապետը իր թիմով, չի կարողանալու առանց ավագանու համաձայնության կայացնել կարևոր որոշումները։ Իսկ ավագանիում հավաքված են մարդիկ, ում էժան առ ու ծախը հետաքրքիր չէ, մեծամասնության համար իրենց անունը, հետագա լավ աշխատանքը ցույց տալը ամենակարևորն է լինելու։ Իհարկե, ՔՊ-ն ունի ամենաշատ ձայները, բայց իրենք էլ միայն իրենցով չեն կարողանա տապալել լավ որոշումները կամ անցկացնել իրենց հարմար որոշումները։  2018-ին էմոցիան հաղթեց, հիմա պետք չէ տրվել էմոցիաներին»։



1/2044
bottom of page