top of page

Ես կալանավորված եմ հայրենիքս շատ սիրելու, պաշտպանելու համար․ Սերոբ Գասպարյան


«Կեղծ մեղադրանքով 6 ամիս է՝ ես ազատությունից զրկված եմ։ Ես կալանավորված եմ հայրենիքս շատ սիրելու, պաշտպանելու համար, մարդկանց հայրենիք նվիրելու համար»,-դատարանի դահլիճում ասել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը։ 

«2022 թվականին ադրբեջանական ալիքներով ինձ ցույց տվեցին, ներկայացնում էին  որպես ռևանշիստ, տեռորիստ, ով ուզում է իշխանությունը վերցնել։ Իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը կարդում եմ, ոչ մի բանով չի տարբերվում Ադրբեջանի մեղադրանքներից։ Ես ասել եմ, որ թույլ չեմ տա որևէ մեկին իմ «ծնած» հայրենիքի մեջ զենք բարձրացնեն։ Էս փաստը վարույթն իրականացնող մարմինը մի կողմ է դրել,  ու ինչ-որ անհասկանալի ծագում ունեցող մարդկանց ասածը վերցրել, մեղադրանք են առաջադրել։ Ադրբեջանը քնած հային սպանողին հերոսացրել է, ի՞նչ եք անում Դուք, հարգելի մեղադրող։ Հայաստանում հակառակն է, հերոսներին են ոչնչացնում։ Ընդամենը կարծիքի համար զրկել եք ազատությունից, իմ թոռների հետ շփվելուց»,-ասել է Գասպարյանը։ 

Նշենք, որ դատավոր Գագիկ Հարությունյանի նախագահությամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան քաղաքի նստավայրում տեղի է ունենում զինվորականներ, «Սև հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի, արցախցի զինվորական Արմեն Մնացականյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։  Նրանց առաջադրվել է «իշխանության յուրացման նախապատրաստության» մեղադրանք։Սերոբ Գասպարյանի պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը միջնորդում են, որ դատարանը փոխի խափանման միջոց կալանքը, կիրառի այլընտրանքային խափանման միջոց, 20 միլիոն դրամ գրավ։ 

1/1966
bottom of page