«Շատ դժվար հոգեբանական փուլերով անցա». Անահիտ Հակոբյանը՝ հաղթանակի հակառակ կողմի, սիրելիի աջակցության, «Եվրատեսիլի», 2025-ի ծրագրերի մասին
Արգասաբեր, հետաքրքիր ու բովանդակլից՝ այսպիսին է Անահիտ Հակոբյանը բնորոշում նախորդ տարին իր համար: Երգչուհին հաղթեց «Նոր Ալիք 2024» միջազգային մրցույթում, որին հաջորդեց ոչ պակաս հաղթական մի շրջան՝ բազում հարցազրույցներ ու ելութներ՝ հայկական ու արտասահմանյան հարթակներում:«Կլինեմ մաքսիմալ անկեղծ՝ ես բավականին համեստ էի պատկերացնում 2024-ը, մտածում էի, որ տեսահոլովակ կնկարահանեմ, կթողարկեմ նոր երգեր… Բայց ինչպես ասում են՝ մեր ծրագրերը երբեմն տարբերվում են Աստծո ծրագրերից, որոնք միշտ ավելի շքեղ են լինում, եւ այս առիթով ես անսահման ուրախ եմ եւ շատ շնորհակալ»,-NEWS.am STYLE-ին խոստովանում է Անահիտը:
Երգչուհու խոսքով՝ իր համար ցանկացած հարցազրույց ու ելույթ տպավորիչ է եղել. ««Նոր ալիքից» հետո ինձ համար շատ հետաքրքիր շրջափուլ սկսվեց, մրցույթի տպավորություններն էլ բավական թարմ էին, այդ հարցազրույցներն ինձ եւս շատ հաճելի էին»:Անահիտն այս տարի առաջին անգամ ելույթ ունեցավ Միացյալ Նահանգներում՝ այն էլ Հոլիվուդի ամենահայտնի դահլիճում՝ «Դոլբի» թատրոնում, որտեղ ամեն տարի կայանում է «Օսկարը»: «Այդ բեմից ներկայանալն ինձ համար էմոցիոնալ պահ էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Armenian Music Video Awards-ի կազմակերպիչներին այդ երաժշտական տոնի համար»,-ասում է երգչուհին:
Այնուհետեւ Անահիտը փայլեց նաեւ Մոսկվայում՝ «Տաշի» շոուին՝ ցուցադրելով բավական բարդ ու վտանգավոր համար:Ցանկացած հաջողության ու դժվարության ժամանակ երգչուհու կողքին է սիրելին՝ Նժդեհը: Անահիտն ասում է՝ չի սիրում հաճախ խոսել անձնական կյանքի մասին, բայց Նժդեհի աջակցությանը ժպիտով ու սիրով է անդրադառնում:«Նժդեհը միշտ աջակցում է ինձ, իմ կողքին է, եւ դա ինձ համար շատ կարեւոր է: Տվյալ պահին մեզ համար առաջնայինն իմ կարիերան է, եւ նա միշտ իմ կողքին է»:
«Նոր ալիքում» հաղթանակը որքան էլ հեքիաթային է թվում, Անահիտի խոսքով՝ ունի նաեւ իր թաքնված՝ դժվարություններով լի կողմը, ինչը, սակայն, ոչ բոլորին է տեսանելի, քանի որ Անահիտը նախընտրել է չկիսվել այդ մասին:«Վերջին շրջանում ականջիս խոսակցություններ են հասնում, թե Անահիտին հաղթանակը շատ հեշտ է տրվել: Գուցե, նրանք արդյունքն են տեսել ու թվացել է, թե ամեն ինչ շատ հեշտ է, բայց նրանք չեն տեսել, թե այդ ամենի հետեւում ինչեր էին կանգնած՝ անքուն գիշերներ, հոգեբանական բարդ փուլեր, լաց, նույնիսկ, ձայնի կորուստ… շատ դժվարություններ, որոնք ես ցույց չեմ տվել սոցիալական հարթակներում. պարզապես մեկնեցի մրցույթին, արեցի իմ գործն ու վերադարձա: Ես սրտանց շնորհակալ եմ բոլորից, ովքեր աջակցում են, չեն փորձում արժեզրկել քո հաղթանակը: Չարախոսները շատ փոքր տոկոս են կազմում, բայց ուզում եմ նրանց ասել, որ Անահիտը շատ ավելի բարձր պետք է թռչի, թող պատրաստ լինեն: Իսկ մրցույթում ես արել եմ առավելագույնը եւ իմ հաղթանակը հպարտությամբ նվիրել եմ իմ հորը»,-նշեց երգչուհին, որին շատերն են ցանկանում տեսնել նաեւ «Եվրատեսիլի» բեմում, սակայն Անահիտը դեռեւս չի շտապում անցնել մեկ այլ հեղինակավոր մրցույթի:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մեծ ցանկություն ունեն ինձ տեսնելու «Եվրատեսիլի» բեմին։ Կարծում եմ՝ արտիստներից շատերն են ցանկնում լինել այդ մրցույթում, քանի որ այն մեծ հարթակ է բոլորի համար, բայց այս տարի ես չեմ մասնակցելու «Դեպի Եվրատեսիլ»-ին, որովհետեւ չեմ ստի՝ «Նոր ալիք»-ից հետո բավական հոգնած եմ, դեռ վերականգնվում եմ, շատ դժվար հոգեբանական փուլերով անցա եւ, նույնիսկ, հանգստի չեմ հասցրել մեկնել: Իհարկե, ինձ տեսնում եմ այդ բեմում, եւ կարծում եմ՝ Աստված երբ կամենա եւ իրադարձությունների շղթան ինձ բերի այդ կետ, ինձ կտեսնեք այդ մրցույթում»: 2025-ը լինելու է շատ թեժ, հետաքրքիր, նոր երգերով ու տեսահոլովակներով լի, խոստանում է Անահիտը: «Կլինեն նաեւ հետաքրքիր դուետներ, ինձ համար շատ կարեւոր է, որ ինձ, որպես արտիստի, մարդիկ բացահայտեն շատ տարբեր կողմերից»,-հավելում է նա: