top of page

ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ. ՊՈՒՏԻՆՆ ԻՆՔՆ Է ԼՈՒԾԱՐՈՒՄ ՀԱՊԿ-Ն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնում է միջուկային զենքի կիրառման դեպքերը: Նախօրեին նա հրավիրել է միջուկային զսպման հարցերին նվիրված խորհրդակցություն, որը նվիրված է եղել միջուկային զսպման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների նորացմանը: 



Ի տարբերություն այլ նման խորհրդակցությունների, այս մեկը տեղի է ունեցել հրապարակային. Պուտինն ուզում է Արեւմուտքին վախեցնել միջուկային պատերազմի սպառնալիքով: 


ԱԽ նիստում նա հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ հարձակման դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի միջուկային զենք կիրառել: «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել։ Այս բոլոր հարցերը բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ համաձայնեցված են։ Դրանց թվում՝ եթե թշնամին սովորական զենք կիրառելով մեր ինքնիշխանության համար կրիտիկական վտանգ է ներկայացնում»,- ասել է նա: 


Հիշեցնենք, որ մինչ այժմ գոյություն ունեցող Միջուկային զսպման դոկտրինով, Ռուսաստանը կարող էր միջուկային զենք կիրառել միայն իր դեմ միջուկային զենք կիրառելու պարագայում, հիմա արդեն միջուկային զենք կարելի է կիրառել նաեւ միջուկային զենքի չտիրապետող երկրի դեմ, եթե նրան աջակցում է միջուկային զենք ունեցող որեւէ երկիր, Ռուսաստանը դա համարելու է համատեղ հարձակում: Վլադիմիր Պուտինն ակնհայտորեն նկատի ունի Ուկրաինային, որին աջակցում են միջուկային զենք ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսին Ֆրանսիան է, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները: Ամերիկային Ռուսաստանը դժվար թե հարվածի, բայց Եվրոպան կարող է եւ հայտնվել ռուսական միջուկային մարտագլխիկների հարվածների թիրախում:


Պուտինն ասում է, որ ինքը միջուկային զենք կկիրառի, եթե զգա, որ Ռուսաստանի կամ Բելառուսի անվտանգությանը եւ ինքնիշխանությանը վտանգ է սպառնում: 


Իսկ ի՞նչ եղան Ռուսաստանի մյուս դաշնակից երկրները, չէ՞ որ Ռուսաստանի գլխավորությամբ ստեղծվել եւ գործում էր «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» կոչվող կառույցը, որի անդամներն իրար դաշնակից էին համարում: 


Այդ կառույցի անդամներից մեկն էլ Հայաստանն է, եւ Հայաստանում մինչեւ 2020 թվականը համոզմունք կար, որ երկիրը գտնվում է Ռուսաստանի միջուկային հովանոցի տակ, որ ոչ մի երկիր չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակից երկիր է, իսկ Ռուսաստանը միջուկային տերություն է, գուցե թե առաջինը՝ իր միջուկային մարտագլխիկների քանակով: 


Հիմնավորումը, թե 2020 թվականին Ադրբեջանը չի հարձակվել Հայաստանի վրա, որ պատերազմն ընթացել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այդ պատճառով էլ Ռուսաստանը չպաշտպանեց Հայաստանին, ոչ մի քննադատության չի դիմանում: 2020 թվականի պատերազմը պատերազմ էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ եթե Հայաստանի իշխանությունը` Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին չստորագրեր կապիտուլյացիոն հայտարարությունը եւ չհամաձայներ կատարել Ադրբեջանի պահանջները, պատերազմը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեր Հայաստանի տարածք: 


Դա հենց այդպես էլ եղավ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրեթե ամբողջ ճակատով հարձակման անցավ եւ գրավեց Հայաստանի տարածքի մի զգալի մասը: Ռուսաստանի ունեցած միջուկային զենքը եւ անվտանգության միջուկային հովանոցը դարձյալ չաշխատեց, Ադրբեջանը հետ չքաշվեց իր գրաված տարածքից:  

2020 թվականին Հայաստանը պատերազմում էր իրենից անհամեմատ ուժեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակցային զորքերի դեմ: Դրա մասին հրապարակայնորեն հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը նույնպես հրապարակային հայտարարում էր, որ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է Հայաստանի դեմ մղվող պատերազմում: Նույնիսկ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունն այն ժամանակ հաստատեց, որ Թուրքիան օժանդակում է վարձկան ահաբեկիչների մասնակցությանը Հայաստանի դեմ մղվող պատերազմում, թուրքական հրահանգիչները գտնվում էին Ադրբեջանում, Թուրքիան ակտիվորեն մասնակցում էր ռազմական գործողությունների պլանավորմանն ու իրագործմանը, մատակարարում էր զենք եւ զինամթերք: Ինչո՞ւ այն ժամանակ Ռուսաստանը չմիջամտեց, ինչո՞ւ Թուրքիային եւ Ադրբեջանին չզգուշացրեց, որ եթե նրանք անմիջապես չդադարեցնեն պատերազմը դաշնակից Հայաստանի դեմ, Ռուսաստանը պարտադրված կլինի միջուկային զենք կիրառել: Այդ զգուշացումը բավարար կլիներ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կանգնեցնեին պատերազմը, Հայաստանին կապիտուլյացիա չպարտադրվեր: Հիշո՞ւմ եք, որ 1993 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Թուրքիան փորձել է միջամտել Ադրբեջանի կողմից, սակայն մարշալ Շապոշնիկովի մի զգուշացումը` միջուկային զենք կիրառելու վերաբերյալ, բավարար է եղել, որ Թուրքիան հրաժարվի այդ գաղափարից. ինչ է` այն ժամանակ պատերազմը Հայաստանի տարածքո՞ւմ էր: Այն ժամանակ Ռուսաստանն ավելի թույլ ու վատ վիճակում էր, քան հիմա, բայց, ի տարբերություն 1993 թվականի, այն ժամանակ չկար Թուրքական հոսք գազամուղը, Ռուսաստանը Թուրքիայում ատոմակայան չէր կառուցում, իր գազն Ադրբեջանի տարածքով Եվրոպա չէր արտահանում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սերտ առեւտրատնտեսական հարաբերությունների մեջ չէր: 


Գրեթե չորս տարի հայ արեւմտամետները պահանջում էին, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից՝ պարզաբանելով, թե այդ կառույցը ոչ մի կերպ չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, Հայաստանին չի ապահովագրում հնարավոր հարձակումներից: Հիմա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքն է լուծարում ՀԱՊԿ-ն՝ հայտարարելով, որ պատրաստ է ապահովել միայն Ռուսաստանի եւ Բելառուսի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների, այդ թվում՝ Ղազախստանի, Տաջիկստանի կամ Ղրղզստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը կարող են եւ վտանգվել: Հարցը միայն այն չէ, որ Բելառուսը Ռուսաստանի հետ Միութենական պետության մեջ է կամ ավելի հավատարիմ դաշնակից է, քան մյուս երկրները, ուղղակի Բելառուսի հետ դաշնակցային հարաբերությունները չեն վտանգում Ռուսաստանի առեւտրային շահերին, չեն խանգարում այլ երկրների հետ փող աշխատելուն: Այդքան բան:



bottom of page