top of page

ԱՆՆԵՐԵԼԻ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 15, 2024
  • 2 min read

Նիկոլ Փաշինյան. ««Գինի լից» երգի այդ կամավորը  գոյություն ունի պետության չգոյության պայմաններում ու այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի, այսինքն ՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է»։



Խոսքը Հայոց ցեղասպանության պետական նախագծի հեղինակ և գլխավոր պատասխանատու՝ Մուհամմեդ Թալեաթ Փաշայի մահապատիժը գործադրող Սողոմոն Թեհլիրյանի մասին է, ով, ցավոք, ըստ ՀՀ առաջին դեմքի՝ պետության չգոյության սիմվոլն է:


Ահա մի քանի հպանցիկ պարզաբանում՝ ոչ թե ապազգային իշխանությունների, այլ՝ Հայոց ազգային պետականության չգոյությամբ տառապող մեր հայրենակիցների համար․


- Թալեաթի մահապատժի մասին որոշումը ընդունվել է Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր և իշխող պետական կուսակցության՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության 9-րդ Ընդհանուր Ժողովում, որի աշխատանքը մեկնարկել է՝ 1919թ․ սեպտեմբերի 27-ին և ավարտվել՝ նույն թվականի նոյեմբերի 2-ին, Հայոց պետության քաղաքամայր Երևանում, ՀՀ խորհրդարանի դահլիճում։ Խնդրում եմ ուշադիր լինել՝ Ժողովի գումարման թվականի և վայրի նկատմամբ։


- Ժողովը ընդունեց Արևտյան Հայաստանի, ինչպես Արցախի, Գանձակի և Բաքվի հայոց կոտորածների պատասխանատուներին մահապատժի ենթարկելու որոշումը, այն պայմաններում, երբ Օսմանյան Կայսրության զինվորական բարձրագույն տրիբունալը 1919թ․ հուլիսի 5-ին արդեն իսկ հրապարակել էր Օսմանյան Կայսրության ՆԳ նախարար (1914-1917թթ․) և վարչապետ (1917-1918թթ․)՝ Թալեաթին, ինչպես նաև ռազմական գործերի նախարար (1913-1918թթ․) ՝ Էնվերին, ծովային նախարար (1914-1918թթ․)՝ Ջեմալին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Նազըմին մահապատժի ենթարկելու դատավճիռը։ Դարձյալ խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Թալեաթի մահապատժի վճիռը կայացրել է Օսմանյան ՊԵՏԱԿԱՆ դատարանը, և դրա գործադրման որոշումը ընդունել է Հայաստանի առաջին Հանրապետության իշխող ՊԵՏԱԿԱՆ կուսակցությունը։


- ՀՅԴ 9-րդ ԸԺ-ի՝ «Հատուկ գործ» վերտառությամբ որոշումը հետագայում կոչվեց նաև «Նեմեսիս»՝  հունական առասպելաբանությունից հայտնի արդարադատության (ոչ թե՝ վրեժխնդրության) աստվածուհու անվամբ։ Գործի գլխավոր պատասխանատու նշանակվեց դաշնակցական ռազմաքաղաքական փորձառու գործիչ՝ Արմեն Գարոն, որ հավաքագրեց ոչ թե պատահական «կամավորների», այլ՝ ՀՅԴ հատուկ մարտական կառույցներում մարզված տղաների, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանին։


- Բոլորովին էլ պատահական չէր Թեհլիրյանի պաշտպան դոկտ. Վերթաուերի պաշտպանական վերջին ճառում հնչած ակնարկը, որ «Թալեաթ փաշան, Էնվերի, Ջեմալի եւ Նազըմի հետ մեկտեղ, ամենաականաւոր դատավորներից կազմված պատերազմական ատյանի կողմից, դատապարտվել է, որպէս հեղինակ անարգ մի ոճրի, այն է՝ հայերին կոտորելու եւ անմեղներին պատժելու համար: Այս դատավճիռը օրինական է»:


Նեմեսիսի գործը կատարել է ՀՅԴ-ն՝ պետականության ամբողջական գիտակցությամբ ու պատասխանատվությամբ։ Ճիշտ հենց այդ օրերին դաշնակցական իշխանությունների դիվանագետները Փարիզում ու Թիֆլիսում խաղաղության բանակցություններ էին վարում Օսմանյան Կայսրության և Ադրբեջանի մուսավաթական հանրապետության հետ։ Քաջ գիտակցելով սակայն, որ անկարելի, աններելի հանցակցություն է արդարությունն ու արդարադատությունը զոհաբերելու գնով հասնել խաղաղության։ Իհարկե սա անըմբռնելի ու մանավանդ անընդունելի է ապազգային մտածողության համար։ Ասել ենք ու կրկնում, որ ՔՊ-ն ունի ընդամենը մեկ նպատակ՝ ամեն գնով, ամեն ազգային արժեք հեգնելով ու փչացնելով, հասնել «խաղաղության» ու դրա ֆոնի վրա վերարտադրել սեփական տիրապետությունը․․․


Համոզված ենք, որ «Գինի լից»-ի կամավորի մասին այս տգիտությունը հերթական նախերգանքն է՝ Նեմեսիսի հուշարձանը հանելու և թուրքական պատվերը իրացնելու ուղղությամբ։ 


Այսքանից հետո ո՞րն է պետության չգոյության սիմվոլը՝ Նեմեսի՞սը, թե՞  ապազգային իշխանության տգիտությունը:


Կարեն Խանլարյան

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու 



bottom of page