Ֆրանսիայի քաղաքացի դառնալու թեկնածուների լեզվի թեստերը չափազանց բարդ են նույնիսկ լեզվակիրների համար. FranceInfo
- anigevorgn
- Feb 16
- 2 min read

Ֆրանսիայի կառավարությանը մեղադրում են երկրում մշտական բնակություն հաստատել ցանկացող օտարերկրացիների համար լեզվի մի քանի նոր թեստեր բարդացնելու համար, որոնք նույնիսկ սեփական քաղաքացիները չեն կարողանա հանձնել, գրում է The Guardian-ը։
Ներգաղթի մասին մինչև տարեվերջ ուժի մեջ մտնող նոր օրենքի ազդեցության մասին զեկույցում ասվում է, որ ավելի կոշտ պահանջները կարող են հանգեցնել նրան, որ 60 հազար մարդ զրկվի Ֆրանսիայում հաստատվելու թույլտվությունից:
Թեստերը, որոնք արժեն մոտ 100 եվրո, մաս են կազմում մեկ տարի առաջ ընդունված օրինագծի, որը խստացնում է սահմանային հսկողությունը և ներգաղթյալներին արտաքսելու միջոցները: Նախարարներն ասում են, որ դրա հիմնական նպատակն է նպաստել օտարերկրացիների ավելի մեծ ինտեգրմանը:
Մինչ այժմ նրանք, ովքեր ցանկանում էին ստանալ carte de séjour՝ փաստաթուղթ, որը նրանց թույլ է տալիս մնալ Ֆրանսիայում, պետք է ստորագրեին «ինտեգրման պայմանագիր» և խոստանային սովորել ֆրանսերեն: Միայն նրանք պետք է լեզվի թեստ հանձնեին, ովքեր դիմում էին Ֆրանսիայի քաղաքացիության կամ երկարաժամկետ կացության թույլտվության համար:
Օրենքը պահանջում է, որ դիմորդները տիրապետեն ֆրանսերենին 11-15 տարեկան կրտսեր դպրոցի աշակերտի մակարդակով: Երկարաժամկետ կացության փաստաթղթեր կամ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացողներից լեզվի իմացության ավելի բարձր մակարդակ կպահանջվի:
FranceInfo գործակալության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ պահանջվող մակարդակը դժվար կլինի նույնիսկ մայրենի լեզվով խոսողների համար: Գործակալությունն ուղարկել է 10 ֆրանսիացի կամավորների, ներառյալ՝ գրականության մի ուսանողի, որը հինգ տարվա բակալավրիատի կրթություն ունի: Նրանք պետք է հանձնեին այն թեստերը, որոնց բախվել են Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար դիմողները: Տասը կամավորներից հինգը չեն հանձնել գրավոր թեստը, բայց հանձնել են բանավոր թեստը, իսկ երկուսը չեն հասել այն մակարդակին, որը պահանջվում է սեփական քաղաքացիություն ստանալու համար:
Ֆելիքս Գիյոնը՝ Thot դպրոցի աշխատակիցը, որն փախստականներին և ապաստան հայցողներին օգնում է ֆրանսերեն սովորել, ասում է. «Այս մակարդակը չափազանց բարձր է օտարերկրացիների մեծ մասի համար, ովքեր փնտրում են քաղաքացիություն կամ փաստաթղթեր՝ Ֆրանսիայում երկար մնալու համար»:
Խորհրդարանի վերին պալատի՝ Սենատին ներկայացվելիք՝ օրենքի ազդեցության մասին զեկույցում հաշվարկվում է, որ առաջին տարում այն կօգտագործի ավելի քան 330 հազար մարդ, ընդ որում, ակնկալվում է, որ նրանցից մոտ 60 հազարը կձախողի լեզվի քննությունը և կկորցնի Ֆրանսիայում մնալու իրավունքը: