«Ուիգմոր»-ում արշալույսները խաղաղ չեն. մի քանի ժամ հապաղելը կարող է կյանք խլել. Ծաղիկ Վարդանյան
- anigevorgn
- Feb 28
- 2 min read

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ծաղիկ Վարդանյանը գրում է.
««Ուիգմոր»-ում արշալույսները խաղաղ չեն։ Մասիսի ԲԿ-ից 4-ամյա աղջնակին «Ուիգմոր»-ի արագ արձագանքման խումբը պե՞տք է տեղափոխեր։ Համաձայն ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների՝ փետրվարի 26-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Ա.Վ.-ի մոտ՝ ծնված 2020 թվականին, արձանագրվել է կենսաբանական մահ:
Ըստ հավաստի տվյալների՝ աղջնակի մայրը՝ 2025թ. փետրվարի 25-ին երեխայի մոտ դժվարաշնչություն է նկատել և դիմել է Մասիսի ԲԿ, որտեղ բուժական միջոցառումներ են սկսել, սակայն հիվանդի վիճակը գնացել է դեպի վատացում, որի պատճառով հրավիրել են Երևանից արագ արձագանքման ծառայության ռեանիմատոլոգների բրիգադա՝ նրան տեղափոխելու համար:
Մեր աղբյուրները հավաստում են, որ փետրվարի 25-ին, ըստ մանկական արագ արձագանքման արտագնա ծառայության կանչերը ապահովող բժշկական կազմակերպությւոնների հերթապահությունների ժամանակացույցի, հերթապահել է «Ուիգմոր»-ը (ՀՀ ԱՆ 2023թ. մայիսի 29 2663-Լ հրաման): Մասնագիտական բրիգադան ուշացել է, ստիպված հիվանդին տեղափոխել են գծային շտապ օգնության մեքենայով:
Հաջորդիվ, փետրվարի 26-ին՝ ժամը 2-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արձանագրվել է աղջնակի ողբերգական մահվա փաստը:Հիշեցնեմ, որ մանկական արագ արձագանքման արտագնա ծառայությունը գործել և գործում է հենց այն պատճառով, որ մարզերում մանկական նեղ մանագիտական ծառայությունները բացակայում են, առավել ևս՝ վերակենդանացման ծառայությունը: Հիվանդ երեխաների տեղափոխումն ունի շատ առանձնահատկություններ, այն պահանջում է մասնագիտական հմտություններ, հետևաբար, կլիներ ավելի պրոֆեսիոնալ, եթե ծայրահեղ ծանր վիճակում հիվանդը տեղախվեր նեղ մասնագետների ուղեկցությամբ:
Անգամ, եթե առողջապահության նախարարության կամ «սիրելի ԲԿ»-ի կողմից հերքվի Մասիսից «Ուիգմոր»-ին կանչ տալու հանգամանքը, ավելի վատ, դա փաստում է, որ նախարարությունը պատշաճ չի իրազեկել և հրահանգել մարզային ԲԿ-ներին, որ հիվանդների տեղախոխումը կազմակերպվի ժամանակին՝ ի շահ հիվանդի:Մի քանի ժամ հապաղելը կարող է կյանք խլել:Հ.Գ. Նմանատիպ դեպքերը արդյո՞ք վերլուծվում են առողջապահության նախարարությունում, թե՞ շրջանցելու ձևը գտել են, հղում են անում իրավապահ մարմիններին և սպասում դատարանների վճիռներին: Իսկ մեր իրականության մեջ այդ գործերի մեծամասնությունը ժամանակի աղմուկում լուծվում, գնում է: ՀՀ առողջապահության նախարարություն, հիմա «Ուիգմոր»-ին հարց չեք տալո՞ւ՝ ինչո՞ւ կանչը չսպասարկեցիք»։