11 միլիոն դոլար արժողությամբ նախագիծ. Լուսնի վրա կառուցվում է նոր տվյալների կենտրոն
Lonestar Data Holdings ընկերությունը պատրաստվում է տիեզերական տարածքում ստեղծել տվյալների կենտրոն։ 2025թ․ փետրվարին SpaceX-ի Falcon 9 հրթիռը «Freedom» առաքելության շրջանակներում դեպի Լուսին կտեղափոխի հատուկ սարքավորումներ։
Լուսնային տվյալների կենտրոնի նախագիծն իրականացվում է փուլերով։ Առաջին հաջող փորձարկումն արդեն իրականացվել է 2024-ին։ Երկրորդ փուլում նախատեսվում է տեղադրել 8000 գիգաբայթ հիշողությամբ սարքավորումներ։
Ընկերության փորձագետները նշում են, որ Լուսնի մակերևույթի տակ գտնվող բնական խողովակները կարող են պաշտպանել սարքավորումները տիեզերական վնասակար ճառագայթումից։ Միաժամանակ Լուսնի ցածր ջերմաստիճանը կնպաստի համակարգիչների անխափան աշխատանքին։
Նախագծի իրականացման համար ներդրվել է շուրջ 11 միլիոն դոլար։ Ծրագրի հիմնական ֆինանսավորողներն են Scout Ventures, Seldor Capital և The Veteran Fund ընկերությունները։ Նախատեսվում է, որ 2026-ից սկսած՝ խոշոր ընկերությունները կկարողանան վճարովի օգտվել լուսնային տվյալների կենտրոնից։
Մասնագետների գնահատմամբ, այս նախագիծը կարող է հեղաշրջել տեղեկատվության պահպանման ոլորտը՝ բացելով նոր հնարավորություններ տիեզերական տեխնոլոգիաների զարգացման համար։