ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԵՆ. ԱԼԻԵՒԸ՝ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Իր շնորհավորական ուղերձում Ալիևը նշել է, որ «աշխարհում ուժի կենտրոն դարձած հզոր Թուրքիայի բոլոր հաջողությունները մեզ հիացնում և ոգևորում են ոչ պակաս, քան սեփական հաջողությունները»:
«Այսօր մենք մեծ հպարտություն ենք զգում այն փաստից, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր գագաթնակետին: Մեր դինամիկ և ակտիվ զարգացող բացառիկ միջպետական կապերը, որոնք կազմում են տարածաշրջանային համագործակցության հիմքը, կարևոր գործոնի դեր են խաղում ողջ Եվրասիայի համար՝ մեծ ներդրում ունենալով տարածաշրջանի զարգացման, խաղաղության և անվտանգության գործում»,-ասված է Ադրբեջանի ղեկավարի ուղերձում։
Միաժամանակ, Ալիևը վստահություն է հայտնել, որ «ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշինքը կշարունակի խորանալ և ամրապնդվել երկու երկրների համատեղ ջանքերով՝ «Մեկ ազգ երկու պետություն» սկզբունքի համաձայն»։