Պապի մաhից հետո կաթոլիկ եկեղեցին մտել է պաշտոնական սգո շրջան
- anigevorgn
- 5 hours ago
- 1 min read
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կաթոլիկ եկեղեցին թևակոխել է պաշտոնական սգո շրջան։Հանգուցյալ պոնտիֆիկոսին հրաժեշտի և նոր հովվապետի ընտրության նախապատրաստման գործընթացը տեղի է ունենում խստագույնս պահպանվող արարողակարգի համաձայն, գրում է Bild թերթը։
Նախկինում Հռոմի պապի մահը հաստատում էր կարդինալը, որն արծաթե մուրճով հարվածում էր նրա ճակատին, իսկ այժմ դա անում է անձնական բժիշկը։ Դրանից հետո Պապի սենյաները կնքվում են, և ոչ ոք իրավունք չունի դիպչել փաստաթղթերին կամ անձնական իրերին։ Պապի անվտանգության պահապան Շվեյցարական գվարդիան ի նշան սգի փոխում է գունագեղ համազգեստը մուգ կապույտի։
Սպասվում է, որ Ֆրանցիսկոսի մարմինը երեք օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել նրան։ Բայց ի տարբերություն նախորդ Հռոմի պապերի, նա կլինի փակ դագաղում։ Ֆրանցիսկոսին, ամենայն հավանականությամբ, կհուղարկավորեն ոչ թե Սուրբ Պետրոսի տաճարում, այլ Սանտա Մարիա Մաջիորեում, որտեղ նա ցանկանում էր թաղվել:
Մայիսի 11-ին Սիքստինյան կապելլայում կսկսվի կոնկլավը՝ մինչև 80 տարեկան կարդինալների գաղտնի ժողովը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։
Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնել է Vatican News-ը: Պոնիֆիկոսը մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում: Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին:«Սիրելի եղբայրներ և քույրեր, մեծ ցավով պետք է տեղեկացնեմ մեր Սրբազան Հոր՝ Ֆրանցիսկոսի մահվան մասին: Այսօր ժամը 07:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն: Նա ողջ կյանքը նվիրվեց Տիրոջ և նրա Եկեղեցու ծառայությանը», — ասվում է կարդինալ Ֆարելի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ կաթոլիկների հովվապետը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով և ավելի քան մեկ ամիս անցկացրել հիվանադանոցում: Դուրս գրվելուց հետո նրա առողջական վիճակը շարունակում էր բարդ լինել: