top of page

ԳԹԿ-ԻՑ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻՆ՝ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱՆԱՅՎԻ

Չնայած փոփոխություններ են կատարվել կամավոր ատեստավորման ընթացակարգում՝ գործընթացը բարելավելու ուղղությամբ, բայցեւայնպես, ուսուցիչների շրջանում դժգոհությունները չեն մարել, անհանգստություններն էլ չեն փարատվել։



Օրեր առաջ Հայաստանի մարզերի եւ Երեւանի դպրոցների «Քիմիա» առարկայի ուսուցիչները նամակ-բողոք էին ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն։ Նրանք նախարարությունից պահանջում են վերանայել կամավոր ատեստավորման թեստերը՝ նշելով, որ թեստերում առկա հարցերը բարդ ու անտրամաբանական են, դպրոցական ծրագրից դուրս։ Համաձայն ուսուցիչների պնդումների՝ քիմիայի թեստերն ավելի բարդ են, քան մյուս առարկաներինը։ Ուստի, հանրակրթական դպրոցում դասավանդելու համար անհրաժեշտ գիտելիքներից շատ ավելին է պահանջվում՝ կամավոր ատեստավորումը հաղթահարելու համար, իսկ թեստերում առկա հարցերը բարդ են, որոնք պահանջում են բժշկական բուհի երկրորդ կուրսի մակարդակի գիտելիքներ, ինչը հանրակրթական ծրագրով դասավանդող ուսուցիչը կարող է չիմանալ։ Խնդիրն առավել բարդանում է, քանի որ ատեստավորումը երկու անգամ չհաղթահարած ուսուցիչը կարող է զրկվել աշխատանքից։


Ուսուցիչները պահանջել են եռակողմ հանդիպում կազմակերպել Գնահատման եւ թեստավորման կենտրոնի, ԿԳՄՍ նախարարության եւ իրենց՝ քիմիայի ուսուցիչների միջեւ, որի ընթացքում կբարձրաձայնեն իրենց դժգոհությունները եւ համատեղ ընդհանուր հայտարարի կգան` փոփոխել թեստերի հարցերը, ավելի պարզեցնել ու բերել հանրակրթական մակարդակի։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամլո պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ատեստավորման թեստերը կազմվում են բացառապես հանրակրթական ծրագրի շրջանակում․ «Այսինքն՝ միջնակարգ դպրոցի քիմիայի առարկայական ծրագրի շրջանակում, իսկ դա նշանակում է թե՛ հիմնական, թե՛ ավագ դպրոց, այլ կերպ ասած՝ հարցաշարը 5-12-րդ դասարանի քիմիայի ծրագիրն է ընդգրկում»։ Հնարավո՞ր է ընդառաջ գնան եւ վերանայեն հարցաշարը։ Գրիգորյանը նշեց, որ այս պահին հարցաշարի վերանայման հարց չի քննարկվում, որովհետեւ հարցաշարերը կազմվում են հանրակրթական ծրագրի շրջանակում։ «Այսինքն՝ ուսուցիչը որ գնում է ատեստավորման, պետք է տիրապետի իր դասավանդած առարկային, ինչպես հիմնական դպրոցի, այնպես էլ ավագ դպրոցի ծրագրին, իսկ թեստերի առաջադրանքները 2022-ին արդեն վերանայվել են ու կրճատվել․ հարցաշարը 70 հարցից հասցվել է 60-ի: Ըստ այդմ, 60 առաջադրանքի համար հատկացվում է 3 ժամ»,- նկատում է զրուցակիցս ու հավելում, որ տեղյակ չէ, թե ուսուցիչների մյուս՝ հանդիպման պահանջին ընթացք կտրվի՞, թե՞ ոչ։         


Հիշեցնենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը փորձնական կարգով մեկնարկել է 2021 թվականին: Վերլուծելով նախորդ տարիների փորձը՝ ԿԳՄՍ նախարարությունն այս տարի որոշակի փոփոխություններ է կատարել կարգում՝ վերանայելով թե՛ ընթացակարգը, թե՛ թեստերը: Նախորդ տարիներին ատեստավորումն իրականացվում էր թղթային եղանակով, ինչը, ըստ ԿԳՄՍՆ-ի, ուսուցիչների համար բազմաթիվ բարդություններ եւ ժամանակային խնդիրներ էր առաջացնում, դրա համար այս տարի կամավոր ատեստավորումը կանցկացվի էլեկտրոնային եղանակով, ինչի արդյունքում էապես կկրճատվի առաջադրանքների լուծման, պատասխանները ձեւաթղթում անցկացնելու վրա ծախսվող ժամանակը՝ նպատակ ունենալով նվազեցնել հնարավոր տեխնիկական վրիպակներն ու անճշտությունները։


Նոր ձեւաչափը հնարավորություն կտա, որ ուսուցիչը թեստն ավարտելուց հետո անմիջապես տեսնի արդյունքը, եւ այդ պահին արդեն պարզ կդառնա, թե նշված հարցերից քանիսին է ճիշտ պատասխանել։ Էլեկտրոնային համակարգը նաեւ թույլ կտա յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացնել թեստային առաջադրանքները, որոնք, ըստ էության, նույնական են բոլոր մասնակիցների համար:


«Քիմիայի կամ, օրինակ, կենսաբանության ուսուցիչների համար թեստերը նույն մոտեցումն ու տրամաբանությունն ունեն՝ նույն բարդության խնդիրներով, սակայն հարցերի հաջորդականությունը տարբեր է, ինչը նշանակում է, որ թեստերը ոչ մի ուսուցչի մոտ չեն կրկնվում: Ուսուցիչը մոտենալու է համակարգչին, նրա առջեւ բացվելու է թեստի իր տարբերակը: Բնականաբար, ուսուցիչն ունենալու է նաեւ թուղթ եւ գրիչ՝ անհրաժեշտ նշումների համար»,- օրեր առաջ պարզաբանել էր նախարար Ժ․ Անդրեասյանը։


Հավելենք նաեւ, որ սեպտեմբերի 30-ին ավարտվել է կամավոր ատեստավորման այս տարվա դիմումների ընդունումը. դիմել է շուրջ 6 հազար ուսուցիչ եւ մանկավարժի որակավորմանը համապատասխանող, սակայն համակարգում չաշխատող անձ, որոնք կամավոր ատեստավորումն անցնելուց հետո հիմնականում աշխատանքի են անցնում դպրոցում: Այս տարի ատեստավորման գործընթացը կմեկնարկի նոյեմբերի 9-ից:



1/1790
bottom of page