ՀԱՐՑՆ ԱՅՆ Է` ԵՐԵԽԱՆ ԳԻՏԱԿՑՈ՞ՒՄ Է, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ, ԹԵ՞ ԸՆԴՕՐԻՆԱԿՈՒՄ Է ՊԱՊԻ ՎԱՐՔԸ
- anigevorgn
- Oct 30, 2024
- 3 min read

Երեկ համացանցում դաժան կադրեր էին տարածվել, թե ինչպես է մեծահասակը՝ պապը, քաջալերում թոռանը՝ տանջամահ անել վանդակում փակված կատվին։ Կենդանասերները հաղորդում էին ներկայացրել, որից հետո պարզվել էր՝ խոշտանգումը կազմակերպած տղամարդն Ավշար համայնքի բնակիչ Մարզպետ Գրիգորյանն է։ Նա արդարացել էր, թե կատուն գողացել էր իր աղավնուն: Պապը ձերբակալվել էր, քանի որ մեծ հանրային աղմուկ էր բարձրացել:
Առհասարակ, մեր իրականության մեջ նման սահմռկեցուցիչ դեպքերը սովորական են դարձել: Այնպիսի զարհուրելի դեպքերի մասին ենք երբեմն լսում, որ հարց է առաջանում` ինչո՞ւ են հանրության շրջանում հոգեբանական, ինչու չէ` հոգեկան խնդիրներն այսքան աճել: Մարդիկ անում են քայլեր, որոնց մասին առաջներում երբեք չենք լսել: Օրինակ` օրը ցերեկով հայ կինը պղծում է մեր հերոսների նկարները, ուսուցչին մեղադրում են մանկապղծության մեջ, մայրը երեխաներին ստիպում է անթույլատրելի բաներ անել, երեխաներին դաժան ծեծի է ենթարկում եւ նկարահանում այդ ողջ պրոցեսը: Հոգեբան Արկադի Մեհրաբյանին «Հրապարակը» թեմայի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց:
- Երբ պապը երեխային հորդորում է՝ անպաշտպան կենդանուն խոշտանգել, եւ հրճվում է դրանից, հաճույք ստանում, սա ի՞նչ հոգեբանական խնդրի մասին կարող է վկայել:
- Խոսքը պսիխոպատիայի մասին է, ինչն ավելի շատ հոգեբուժական խնդիր է: Թեպետ պսիխոպատիայի մի տեսակ կա, որ հոգեբանությանն է առնչվում: Ամեն դեպքում, տեղի ունեցածը դասական պսիխոպատի պահվածք է: Մարդը չունի էմպատիայի զգացողություն, հուզականություն: Երեխան էլ, տեսնելով իր ծնողի, պապիկ-տատիկի պսիխոպատ վարքագիծը, այդ ամենը համարում է սովորական, նորմալ մի բան: Եթե տարիքի հետ երեխաները հրաժարվում են նման գործողություններ կատարելուց, նշանակում է, որ ամեն բան նրանց մոտ նորմալ է, նրանք չունեն նման հոգեբուժական խնդիրներ, բայց եթե՝ ոչ, ապա կա՛մ ժառանգաբար, կա՛մ էլ այլ եղանակով հիվանդությունը ձեռք է բերում նաեւ երեխան: Սա վիճահարույց խնդիր է, կարող է լինել նաեւ գենետիկ: Տարիքը շատ մեծ կապ ունի, մտածողության տարբեր մակարդակներ կան, փոքր տարիքում դրանք գործնական ակնառու են, հետո՝ հոսքային, պատկերավոր եւ այլն: Խնդիրն այն է՝ արդյոք այդ երեխան գիտակցո՞ւմ է, թե ինչ է անում, թե՞ պարզապես ընդօրինակում է պապի վարքը:
- Այսինքն` եթե երեխաներն ականատես են լինում բռնության, դա նրանց համար դառնում է սովորական մի երեւույթ:
- Այո, եթե անգամ երեխան տեսնում է, որ հայրը ծեծում է մորը, ապա դա իր համար դառնում է սովորական, ինքն էլ մեծանում է եւ կրկնում է նույնը: Այս երեխան մի քանի անգամ տեսել է, թե ինչպես են կենդանի սպանում, եւ դա իր համար նորմալ է դարձել: Իր համար դա սովորական երեւույթ էր, կարծես ինչ-որ խաղ խաղալուց լիներ, իսկ նման բաները միանգամից սովորական լինել չեն կարող: Ուրեմն նման փորձեր էլի են եղել: Եթե երեխան գիտակցում է, թե ինչ է անում, եւ շարունակում է հաճույքով անել այն, նշանակում է, որ խնդիրն ավելի լուրջ է եւ վտանգավոր:
- Նկատելի է, որ դեռահասներն ու երեխաները շատ դաժան են դարձել, հաճույք են ստանում ինչ-որ վատ բան անելուց, նկատել եմ, որ շատ հաճախ քնած կենդանիներին քարով հարվածում են եւ դրանից հաճույք ստանում: Ո՞րն է այսօրինակ վարքագծի պատճառը: Գուցե ընտանիքում բավարար սեր չե՞ն ստանում:
- Պատճառները կարող են տարբեր լինել, եթե զուտ ընդօրինակում չէ, կարող է լինել, օրինակ, սիրո պակասի արդյունք, ուշադրության պակասի արդյունք, տարբեր են պատճառները: Եթե երեխան աչքը բացում է եւ տեսնում է, որ ամբողջ օրը ծնողներն իրար են հայհոյում, հետո հարեւաններին են հայհոյում, հետո՝ մոտիկ եւ հեռու բարեկամներին, այդ երեխան տարբեր խնդիրներ է ունենում: Կարող է լինել սոցիումի, տրավմաների արդյունք: Նման երեխաներին շատ հաճախ ենթարկում են բուլինգի, նեղացնում են, դրանից նրանք ավելի են չարանում: Այնպես որ, պատճառները կարող են բազմազան լինել: Սոցիումն ինքն իրենով բավականին պայթյունավտանգ երեւույթ է, հատկապես, երբ մթնոլորտը լինում է լարված: Կոնկրետ այդ տեսանյութի երեխան կա՛մ հոգեկան շեղում ունի, կա՛մ ընդօրինակում է իր պապիկին:
- Մեկ շաբաթ առաջ էլ մի կին հերոսների նկարներն էր պղծել: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք: Ինչո՞ւ է մեր հանրությունը վերջին ժամանակներում նման տարօրինակ դրսեւորումներով աչքի ընկնում:
- Քանի որ բավականին լուրջ դեգրադացիայի է հայ ազգը ենթարկվել, գիտակցական մակարդակով չի ունեցել զարգացում: Մենք այժմ ազգ չունենք` գիտակցական առումով, մեր ժողովուրդն ամբոխի է նման, մարդկանց հավաքածուի: Մասսայական, թիմային մտածողություն չկա, հետեւաբար՝ չի կարող լինել ազգային մտածողություն, այդ պատճառով էլ արժեհամակարգի դեգրադացիա է տեղի ունենում: Չկա արժեհամակարգ, չկա ոչինչ: Արժեհամակարգը ենթադրում է պահանջմունքների բուրգ, անհատները կարող են ունենալ այն, բայց ժողովուրդը, ընդհանուր առմամբ, չունի, դրա համար էլ չեն պահպանվում այն արժեքները, որոնց հանդեպ հարգանք կլինի: Իրը, որը չունի ոչ մի արժեք, դրան վերաբերվում ես անբարեխիղճ: Հերոսն արժեք է, մարդը պետք է գիտակցի այն, եթե չկա դա, ունենալու ենք այն, ինչ ունենք:
- Ինչո՞ւ է արժեհամակարգի դեգրադացիան նոր դարձել այսքան տեսանելի:
- Այն ի հայտ վաղուց է եկել, ուղղակի քանի որ մենք նոր ենք սկսել ինքնուրույն ապրել, դրա համար էլ նոր է տեսանելի դարձել: Սովետական ժամանակաշրջանն այլ էր, մարդիկ ենթարկվում էին կաղապարներին, հրահանգներին, ինքնուրույն վարքի դրսեւորում չկար, եղածն էլ գաղտնի էր: Այն ժամանակ եթե հերոսի նկար պղծեին, խիստ պատժի կարժանանային, հիմա այդպե՞ս է՝ չեմ կարծում…. Ուղղակի Ֆեյսբուքում գրեցին, անցան առաջ, երեւի չեն էլ հիշի այդ դեպքի մասին: Եղեռնն էլ, երբ եղավ, եղավ մեր մտածողության ոչ բարձրագույն ձեւերի արդյունքում, օրինակ` մինչեւ դանակը ոսկորին չհասավ, դիմադրություն չեղավ դեռ 1915-ին: Եթե պաշտպանված լինելու ազգային գիտակցական մակարդակը լիներ բարձր, գուցե այլ կերպ գործողությունները լինեին: Ես չեմ ասում, թե մենք ենք մեղավոր, որ մեզ ցեղասպանության են ենթարկել, բայց որոշ բաներ կախված են նաեւ մեզնից:
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»