top of page

ՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ, ՈՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՄՆԱ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀ

Բելառուսական BelTA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվարի 26-ին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Արդեն հայտնի է, որ դրանց կմասնակցի նաեւ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է արդեն 30 տարի։



Սա նշանակում է, որ նա, չնայած հավաստիացումներին, թե շուտով հեռանալու է քաղաքական դաշտից, եւ Բելառուսը նոր նախագահ է ունենալու, մնալու է, եւ այդ խոսքերն էլ ընդամենը մարդկանց մոլորեցնելու համար էին ասվում։ Թեեւ շատ վերլուծաբաններ կարծում էին, որ Լուկաշենկոն կարող է ղեկավարել Համաբելառուսական ժողովրդական ժողովը, որի նախագահ էր դարձել այս տարվա ապրիլին, եւ այդկերպ մնալ քաղաքական ասպարեզում։ Լուկաշենկոյի այս որոշումը, ինչպես ռուսական մեդիա-փորձագիտական հրապարակումներում է նշվում, իրականում ունի բավականին խոր արմատներ։


Այն բանից հետո, երբ Ղազախստանում Նուրսուլթան Նազարբաեւն իրականացրեց իր «քաղաքական ժառանգորդ» ոչ հաջողված գործողությունը, որի ընթացքում նույնիսկ կորցրեց «էլբասի» կոչումը, Լուկաշենկոն թերեւս վախենում է, որ նույն ճակատագրին կարող է նաեւ ինքն արժանանալ։ Հատկապես որ 2020 թվականի ընտրություններից հետո Բելառուսում սկսված բողոքի ակցիաները, որոնք բավական կոշտ կերպով ճնշվեցին, ցույց տվեցին, որ այնքան էլ իրականությանը մոտ չէ այն թեզը, թե Լուկաշենկոն ժողովրդի մեջ ունի բացարձակ մեծամասնության աջակցությունը։ Ու քանի որ հենց նա է հայտարարել, որ մասնակցելու է հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, նշանակում է, որ առնվազն մինչեւ 2030 թվականը կմնա Բելառուսի նախագահի պաշտոնին, եթե դրանից հետո էլ չուզենա շարունակել պաշտոնավարումը։


Լուկաշենկոյի մնալն իշխանության ղեկին, իր բոլոր «բզիկներով» հանդերձ, ամեն դեպքում կանխատեսելիություն է հաղորդում Ռուսաստանի հետ Բելառուսի հարաբերություններին, եւ Մոսկվան այս առումով կարող է լինել թիվ մեկ շահառուներից մեկը, որը հետաքրքրված է, որ Բատկան պահպանի երկրի ղեկավարի պաշտոնը ներկայիս բարդ աշխարհաքաղաքական փուլում (պատահական չէ, որ իր առաջադրման մասին Լուկաշենկոն հայտարարեց հենց Ռուսաստանում՝ Կազանում ընթացող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ)։ Թեեւ, եթե անկեղծ լինենք, Բելառուսի նախագահն այնքան էլ հնազանդ դաշնակից չէ Ռուսաստանի համար եւ երբեմն-երբեմն «ատամ է ցույց տալիս»: Թեեւ 2020 թվականի հայտնի դեպքերից հետո ավելի ընկալելի ու կանխատեսելի է դարձել։ Ռուսաստանն էլ, մեծ հաշվով, ինչպես իրավացիորեն նկատում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, Լուկաշենկոյի «բզիկները» պետք է հանդուրժի, հարկ եղած դեպքում էլ սիրաշահի, քանի որ արեւմտյան ճակատում այլ դաշնակից, մեղմ ասած, չունի, չասելու համար, որ Ռուսաստանն այժմ չափազանց քիչ դաշնակիցներ ունի, որոնց վրա կարող է իրապես հույս դնել։

Այս իմաստով պատահական չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդամենը շաբաթներ առաջ իր բելառուսցի գործընկերոջը պարգեւատրեց Սբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով, որը ՌԴ բարձրագույն պարգեւներից է, որին ԱՊՀ ներկայիս ղեկավարներից եւ ոչ մեկը դեռ չի արժանացել։ ԱՊՀ նախկին առաջնորդներից, որքան հայտնի է, այդ պարգեւին արժանացել են միայն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւն ու Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։



1/1791
bottom of page