top of page

ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության կայացմանը


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը:

«Ես մտահոգ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող և մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձած միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, և ես կոչ եմ անում երկու կողմերին էլ պահպանել այն:


Ավելի քան 20 տարի առաջ միանալով մեր կազմակերպությանը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորություն ստանձնեցին կարգավորելու հակամարտությունը խաղաղ միջոցներով: Այս հանձնառությունը անփոփոխ է մնում և պետք է խստորեն հետևել դրան»,- ասված է Բուրիչի հայտարարության մեջ:

Նա հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու իրենց շարունակական ջանքերում՝ հանուն խաղաղ կարգավորման:

«Մենք պատրաստ ենք նպաստել երկու անդամ պետությունների միջև երկխոսությանը՝ կառուցելու վստահություն ու նպաստելու հաշտեցմանը»,- եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

bottom of page