Դա հետխորհրդային տարածք է, ՌԴ-ն ևս կարող է ներկել քարտեզը. Լավրովը՝ Էրդողանին նվիրած քարտեզի մասին
Ռուսաստանը նույնպես կարող է ներկել աշխարհի քարտեզը՝ ըստ «համացեղակիցների» բնակության տարածքների․ այդ գույները կտարածվեն աշխարհի գրեթե բոլոր շրջաններում: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով թյուրքական աշխարհի քարտեզին, որը նվիրել էին Թուրքիայի նախագահին. գրում է «РИА Новости»։
«Ամոթալի բան չեմ տեսնում համացեղակիցների կապը պահպանելու մեջ… Մենք էլ ունենք նման շրջանակ՝ կազմված մեր համացեղակիցներից և մեր հայրենակիցներից։ Մենք ևս կարող ենք ներկել աշխարհի քարտեզը որոշակի գույներով․ դա առաջին հերթին ամբողջ հետխորհրդային տարածքն է, դա, իհարկե, հսկայական թվով հայրենակիցներն են, որոնք ներկայացնում են ԽՍՀՄ-ի ժողովուրդներին, նաև Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում, ինչպես նաև Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, նույն Արգենտինայում»,- ասել է Լավրովը Դաշնության խորհրդում ելույթի ժամանակ: