top of page

Ինչպես, երբ և ում կողմից ընդունվեց Ցեղասպանությունների կանխարգելման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան


1951 թվականի այս օրը՝ հունվարի 12-ին ուժի մեջ մտավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:


Սառը պատերազմի մեջ ներքաշված ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև առկա հակասությունների արդյունքում որոշակի կարևոր դրույթներ դուրս մղվեցին կոնվենցիայի վերջնական տեքստից և, ի վերջո, վերաձևակերպված նախագիծը 1948 թ. դեկտեմբերի 9-ին ներկայացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:


Կոնվենցիայում տրվում էր ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված սահմանումը, որը ներառվեց բազմաթիվ երկրների քրեական օրենսգրքերի մեջ:


Կոնվենցիայի մշակման ու ընդունման գործում էական դեր է խաղացել հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը։ Դատավարությունը, որը բացահայտեց Եվրոպայում ֆաշիստական զավթիչների կողմից հրեաների, սլավոնների, գնչուների և էթնիկ այլ խմբերի ցեղասպանության բազմաթիվ դեպքեր, դրդեց ընդունելու Ցեղասպանության մասին կոնվենցիա։


Իսրայելցի հետազոտող, պրոֆեսոր Աորոն Յաիրը նշում է, որ Ռաֆայել Լեմկինը, ստեղծելով «ցեղասպանություն» տերմինը, ինկատի ուներ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Այդ եզրույթը հանդիպում էր Նյուրնբերգյան դատավարության նախնական տարբերակներում, սակայն վերջնական տարբերակում փոխարինվել էր «մարդկության դեմ հանցագործություններ» ձևակերպմամբ։


Փաստենք, որ կոնվենցիայում տեղ գտած ցեղասպանության` որպես միջազգային հանցագործության բոլոր բաղադրիչները համընկնում են այն գործողությունների հետ, որոնք իրականացվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայերի նկատմամբ:


Կոնվենցիայի ընդունման օրը Լեմկինը չի կարողանում թաքցնել հուզմունքը` նշելով, որ դա հաղթանակի օր է մարդկության համար և ամենագեղեցիկ օրն իր կյանքում:


Իսկ 2010 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով հիմնվեց Ռաֆայել Լեմկինի անվան դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է՝ հնարավորություն ընձեռել արտասահմանցի այն ուսանողներին ու գիտնականներին, ովքեր Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով նյութեր կհավաքեն և ՀՀ-ում մեկ ամիս ժամկետով կվերապատրաստվեն:

bottom of page