top of page

ԻՆՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԲԿ-ՆԵՐՈՒՄ

«Արտկոսմեդ» էսթետիկ բժշկության եւ պլաստիկ վիրաբուժության կլինիկայում մեկ տարում երկու մահ է արձանագրվել: Վերջին պացիենտը պլաստիկ վիրահատությունից հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետեւանքով արձանագրվել է սրտի կանգ: Նրան` «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ, տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները մի քանի օր փորձել են կյանքը փրկել` չի հաջողվել: Ամիսներ առաջ նույն՝ «Արտկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, կրկին բուժառուի սրտի կանգ էր արձանագրվել` վիրահատությունից մեկ օր անց, եւ նա, գիտակցության չգալով, մահացել էր։ Երկու դեպքում էլ վիրահատող բժիշկը եղել է «Արտկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմնադիր Արթուր Սարգսյանը։ Սարգսյանը երեկ գրառում էր արել, որ տեղի ունեցածում ինքը մեղավոր չէ, սակայն փաստը մնում է փաստ: Ո՞րն է պատճառը, որ ամենաշատ պահանջարկ ունեցող պլաստիկ վիրաբուժության եւ կոսմետոլոգիայի ոլորտում չկա համապատասխան վերահսկողություն: Ինչպե՞ս եւ ո՞ր կառույցն է պատասխանատու ոլորտում առկա վիճակի համար։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանի հետ: 



- Հայաստանում ամենուր կարող ենք հանդիպել կոսմետոլոգիական ծառայություններ մատուցող անձանց: Գեղեցկության սրահներում, ինչպես նաեւ որոշ կլինիկաներում, նման ծառայություններ մատուցում են մարդիկ, որոնք չունեն բժշկական կրթություն: Իսկ Արտկոսմեդ»-ում արձանագրվում է երկրորդ մահվան դեպքը: Ո՞ւմ բացթողումն է սա: 


- Բացարձակ չկա վերահսկողություն: Առողջության եւ աշխատանքի տեսչական մարմինն առաջին մահվան դեպքից հետո գոնե այցելե՞լ է այդ կլինիկա, ինչ-որ քայլեր արե՞լ են: Մշտապես դժգոհում են, որ ռեսուրսների խնդիր ունեն, բայց իրականում ռեսուրսների խնդիր չկա, քանի որ այդ կառույցն ունի շուրջ 380 աշխատակից: Այստեղ խնդիրը մասնագիտական անտարբերության մեջ է, այլապես կարելի էր տարվա մեջ գոնե մեկ ամիս ստուգումներ իրականացնել՝ պարզելու համար, թե ամեն մի վարսավիրանոցում ինչ է կատարվում, ինչ ներարկումներ են արվում եւ այլն: Հաճախ ներարկում են այնպիսի նյութեր, որոնք խոր առողջական խնդիրներ են առաջացնում, անգամ չեմ ցանկանում «պացիենտ» բառն օգտագործել, քանի որ նրանք պարզապես մարդիկ են, որոնք ցանկանում են լինել գեղեցիկ: Խնդիրն այն է, որ առողջ մարդկանց համար նման մասնագետները բազում խնդիրներ են առաջացնում: Մարդն առողջ գնում է, որպեսզի արտաքինում փոփոխություն կատարի, արդյունքում մաշկի նեկրոզներ է ձեռք բերում, ընդ որում՝ կրծքագեղձի շրջանում վիրահատությունների ժամանակ երբեմն այնպիսի բարդություններ են առաջանում, որ մարդիկ կորցնում են իրենց օրգանը: Այստեղ շատ կարեւոր են օրենսդրական կարգավորումները: Տեսչականը պատճառաբանում է, որ չի կարող որակի վերահսկողություն իրականացնել, ընդունում եմ, որ պետք է կլինիկական աուդիտ լինի, ողջ աշխարհն այդ ճանապարհով է գնում, բայց կարող են, չէ՞ տարվա մեջ մեկ անգամ ստուգում իրականացնել: Այսինքն՝ հնարավորության սահմաններում ամեն բան թերի է կատարվում: Առաջին մահվան դեպքից հետո Առողջության եւ աշխատանքի տեսչական մարմինը կատարե՞լ է վերլուծություն՝ տվյալ բժիշկը կարո՞ղ է կատարել նման վիրահատություններ, թե՞ ոչ: Կամ, օրինակ, անեսթեզիոլոգն ունի՞ համապատասխան որակավորում, անցե՞լ է վերապատրաստման կուրսեր, թե՞ ոչ: Ստացվում է՝ անպատժելիության արդյունքում ունենում ենք մահվան դեպքեր: Մահվան դեպքերը գրավում են բոլորի ուշադրությունը, բայց ունենք այլ բազմաթիվ խնդիրներ էլ, օրինակ՝ ատամնաբուժության ոլորտում, ամեն պատահական մեկն իմպլանտներ է տեղադրում, ինչը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնում: Անգամ բուժքրոջ կրթություն չունեցող մարդը կոսմետոլոգ է աշխատում: Ինչո՞ւ չեն պատժվում նրանք, ովքեր բժշկական կրթություն չունեցող մարդկանց սովորեցնում են ներարկումներ անել: Պետական գերատեսչություններն այս հարցերով զբաղվելու փոխարեն չգիտես թե ինչերով են զբաղված: 


- Առողջության եւ աշխատանքի տեսչական մարմինն ի՞նչ կարող է անել այժմ: 


- Այն կլինիկան, որտեղ եղել են մահվան դեպքեր, պետք է համարվի ռիսկային կլինիկա: Ասում են՝ մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ իրավապահներն այդտեղ անելիք ունեն, բայց նման ռիսկային կլինիկաներում տեսչական մարմինը պետք է կատարի հետեւյալ ստուգումները. բժշկական օգնության եւ սպասարկման վերաբերյալ ստուգումներ պետք է լինեն, այն վերաբերում է լիցենզավորմանը, կադրային հագեցվածությանը, դեղորայքային փաստաթղթաշրջանառությանը, ինչպես նաեւ՝ սանիտարահամաճարակային ստուգում պետք է իրականացվի: Ես չեմ բացառում, որ գուցե բժշկական սխալ չի եղել, դեռ պետք է ապացուցվի բժշկի սխալը: Այնուամենայնիվ, կլինիկաներում պետք է վերահսկողություն իրականացվի:



bottom of page