top of page

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կվաճառի ռազմանավեր և հրթիռներ


Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմանավեր և հրթիռներ կվաճառի այն բանից հետո, երբ թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը նոր պայմանագիր կնքի Կիևի հետ՝ Ռուսաստանի հետ լարվածության աճի ֆոնին, փոխանցում է Известия պարբերականը։ Համաձայնագիրը թույլ կտա Ուկրաինային վարկեր ստանալ Մեծ Բրիտանիայից՝ բրիտանական ռազմանավերի և հրթիռների գնման համար։


Գործարքը կներառի բրիտանական թագավորական նավատորմի HMS Brocklesby-ի նման երկու հակաականային նավերի գնում, ութ հրթիռային նավերի համատեղ արտադրություն և Ուկրաինայի ռազմածովային ուժերում առկա նավերին սպառազինության համակարգերի մատակարարում և արդիականացում:


Բացի այդ, նախատեսվում է համատեղ արտադրել հածանավ և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ռազմածովային ենթակառուցվածքի ստեղծման համար։


Ընդ որում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, նոյեմբերի 17-ին ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ պատմական պատճառներով Ուկրաինան չունի անվտանգության երաշխիք ՆԱՏՕ-ի երկրների կողմից, քանի որ այն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ։ Ուստի, ընդգծել է Բրիտանիայի վարչապետը, «մենք պետք է այնպես անենք, որ բոլորը հասկանան, որ թե՛ Ուկրաինայի, թե՛ Լեհաստանի սահմաններում սխալ հաշվարկի գինը ահռելի է լինելու»։


Նույն օրն ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև ռազմական նպատակներով վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը Ռուսաստանի սահմանների մոտ բրիտանական ռազմական ակտիվության աճի ևս մեկ ապացույց է։

bottom of page