«Վնուկովո»-ի չվացուցակից հանվել են Ռուսաստանի և Սիրիայի միջև թռիչքները
- anigevorgn
- Dec 8, 2024
- 1 min read

Syrian Air ավիաընկերության Մոսկվա-Դամասկոս չվերթերը, որոնք նախատեսված էին դեկտեմբերի 8-ին, չեղյալ են հայտարարվել և դուրս մնացել «Վնուկովո»-ի առցանց չվացուցակից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այսպես, Syrian Air RB 441 չվերթի ժամանումը Մոսկվա նախատեսված էր Մոսկվայի ժամանակով 09:30-ին, իսկ RB 442 չվերթը Դամասկոս սպասվում էր Մոսկվայի ժամանակով 15:00-ին:
«Ռոսավիացիան» ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ռուսաստանյան ավիաընկերությունների քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները Սիրիայի օդային տարածքում արգելված են 2013 թվականի սեպտեմբերից։
Ըստ flightradar24-ի, Դամասկոսի օդանավակայանից օդ բարձրացած վերջին մարդատար ինքնաթիռը եղել է սիրիական Cham Wings Airlines մասնավոր ավիաընկերության օդանավը, որը մեկնել է Շարջա (ԱՄԷ) Մոսկվայի ժամանակով 00:56-ին։
Այսօր ավելի վաղ Դամասկոսի միջազգային օդանավակայանը ծանուցում էր տարածել, որով մինչև դեկտեմբերի 18-ը չեղարկվում են բոլոր տեսակի ինքնաթիռների թռիչքները։
Հիշեցնենք, որ Սիրիայում իշխանությունը զավթել են թուրքամետ ուժերը։ Երկրի նախագահ Բաշար Ասադի գտնվելու վայրը հայտնի չէ։ Մինչև իշխանության պաշտոնական փոխանցումը կառավարական հաստատությունները ղեկավարելու է Սիրիայի վարչապետը։