top of page

Ռազմիկ Ամյանին պատկանող ռեստորանի երգացանկում չկա «Ղարաբաղցին» երգը

«Ամյան» ռեստորանի երգացանկում չկա «Ղարաբաղցին» երգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի «Հանրային հեռուստատեսության» լրագրողներից մեկը։

«Ամիսներ առաջ հայտնի ռեստորաններից մեկում միջոցառման ժամանակ խնդրեցինք «Ղարաբաղցին» երգը միացնել, ասեցին` չունենք երգացանկում։ Վիրավորական էր, ինչ խոսք, բայց ձայն չհանեցինք։ Այսօր AMYAN Restaurant-ում ենք` ճանաչված արցախցիներից մեկի ռեստորանում, որն առաջիններից մեկն է երգել «Ղարաբաղցին» երգը։ Վստահ լինելով, որ այն անպայման կլինի երգացանկում՝ պատվիրում ենք։ Րոպեներ անց բարի ժպիտով մոտենում են մեզ և տեղեկացնում` երգացանկում «Ղարաբաղցին»-ը  չկա։ 4-5 երգիչ ունեն, բայց «Ղարաբաղցին» երգը երգող չունեն...»,- գրել է լրագրողը։

«Ամյան» ռեստորանը պատկանում է արցախցի երգիչ Ռազմիկ Ամյանին։ Հատկանշական է, որ հենց ինքը՝ Ռազմիկ Ամյանն այս երգով բազմաթիվ անգամներ ներկայացել է հանրությանը։ Ինչևէ, «Ղարաբաղցին» երգը չեն ունեցել երգչին պատկանող ռեստորանի երգացանկում, համացանցից ներբեռնել ու հնչեցնել էլ, հրաժարվել են։

Արդյո՞ք Ռազմիկ Ամյանին պատկանող ռեստորանում հակաարցախյան տրամադրություն է տիրում, կամ նման քաղաքականություն կա որդեգրված․ հարցի պատասխանը ստանալու համար MediaHub-ը դիմեց ռեստորանի մենեջերներից մեկին։

«Ինչպե՞ս կարող է մեզ մոտ նման քաղաքականություն լինել։ Այդ օրվա երգիչների երգացանկում չի եղել: «Ղարաբաղցին» երգը։ Երբ պատվեր է եղել, որ այդ երգը կատարեն, մենք մոտեցել և առաջարկել ենք Արցախի մասին երգ, քանի որ չէինք կարող այդ օրվա երգիչներին ասել, որ պետք է արագ սովորեն «Ղարաբաղցին» երգն ու երգեն։ Մեզ մոտ միայն կենդանի կատարում է, այսինքն՝ դիջեյ չունենք, հակառակ դեպքում երգը կմիացնեինք»,- վստահեցրին ռեստորանից։

Բայց և նշեցին՝ այս դեպքը հաշվի առնելով՝ երգիչներին խնդրել են, որ երգացանկում ավելացնեն «Ղարաբաղցին» երգը։ Այսինքն՝ յուրաքանչյուր օրվա երգիչներից գոնե մեկի երգացանկում ներառված կլինի այն։

bottom of page