Բելառուսական դատարանը 18 տարվա ազատազրկման դատապարտեց ընդդիմադիր Տիխանովսկուն
Գոմելի դատարանը 18 տարվա ազատազրկման դատապարտեց ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյ Տիխանովսկուն. վերջինս պատիժը կկրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Այդ մասին գրում է bbc.com-ը։
Դատարանը դատապարտել է նաև, այսպես կոչված, «Տիխանովսկու գործով» մեղադրյալ, քաղաքական գործիչ Նիկոլայ Ստատկևիչին, որը մասնակցում էր 2010 թվականի նախագահական ընտրություններին։ Նա ազատազրկվել է 14 տարով, իսկ բլոգեր Իգոր Լոսիկը՝ 15 տարով։
Դատական նիստն անցկացվել է դռնփակ ռեժմիով, Գոմելի քրեական դատարանում։
Հետաքննության տվյալներով՝ Տիխանովսկին և գործով անցնող այլ անձինք երկար ժամանակ նախապատրաստվել են տեղի ունեցած անկարգություններին։ Մեղադրյալների դատավարությունը սկսվել է այս տարվա հունիսին և անցել դռնփակ ռեժիմով։ Փաստաբանները ստորագրել և հաստատել են՝ նախաքննության գաղտնիքները չեն հրապարակելու։
Տիխանովսկուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպել, հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողություններ կազմակերպել և նախապատրաստել, ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտել և ատելություն քարոզել։