top of page

Կրասնոդարում դանակահարության համար դատապարտված դեռահասը ծնողների հետ արտաքսվել է Հայաստան


Կրասնոդարի միջնակարգ դպրոցում իր հասակակիցների վրա դանակով հարձակված դեռահասը ծնողների հետ արտաքսվել է Հայաստան։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Կրասնոդարի Պրիկուբանսկի դատարանը դպրոցականին մեղավոր էր ճանաչել զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ և սահմանել 30 հազար ռուբլի տուգանք։

Կրասնոդարի թիվ 94 հանրակրթական դպրոցում միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին։ Դպրոցի միջանցքում աշակերտների միջև կոնֆլիկտի ժամանակ դեռահասներից մեկը հանել է դանակը և դանակահարել հասակակցին։ Ծեծկռտուքի հետևանքով տուժել են նաև այլ աշակերտներ։ Ծեծկռտուք հրահրողը բերման է ենթարկվել և տեղափոխվել անչափահասների ժամանակավոր պահման վայր։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ դեռահասի ծնողները՝ ՀՀ քաղաքացիները, ապօրինի են գտնվել Ռուսաստանում, և դատարանը որոշել է նրանց արտաքսել։ Կարգադրիչները ընտանիքին ուղեկցել են Միներալնիե Վոդի քաղաքի սահմանային հսկողության կետ, որից հետո դեռահասին և նրա ծնողներին օդային ճանապարհով ուղարկել են Հայաստան։

Թիվ 94 դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո հարուցվել է քրեական գործ՝ ուսումնական հաստատության աշխատակիցների անփութության դեպքի առթիվ։

bottom of page