top of page

Պուտինը ներողություն է խնդրել Ալիեւից ՌԴ օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն՝ մանրամասն քննարկվել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Աքթաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիանկերության ուղեւորատար ինքնաթիռի կործանմանը վերաբերող հարցերը։

Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել այն առնչությամբ, որ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, եւ մեկ անգամ եւս խոր եւ անկեղծ ցավակցություններ է հայտնել զոհվածների ընտանիքներին, ցանկացել շուտափույթ ապաքինում տուժածներին։ Նշվել է, որ չվացուցակով շարժվող ադրբեջանական ուղեւորատար ինքնաթիռը քանիցս փորձել է մտնել վայրէջքի գիծ Գրոզնի քաղաքի օդանավակայանում։ Այդ ժամանակ Գրոզնին, Մոզդոկը եւ Վլադիկավկազը գրոհում էին ուկրաինական մարտական անօդաչուները, եւ ռուսական ՀՕՊ միջոցները հակադարձում էին այդ հարձակումներին։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՔՕ 263 հոդվածով (օդային տրանսպորտի տեղաշարժի եւ շահագործման անվտանգության կանոնների խախտում)։ Իրականացվում են նախնական քննչական գործողություններ, հարցաքննվում են քաղաքացիական եւ զինվորական մասնագետները։

Ներկայում Ադրբեջանի գլխավոր դատախազության երկու աշխատակիցներ Գրոզնիում են, որտեղ համատեղ աշխատում են ՌԴ գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի հետ միասին։ ՌԴ, Ադրբեջանի եւ Ղազախստանի պրոֆիլային ծառայությունները սերտորեն փոխգործակցում են նաեւ աղետի վայրում՝ Աքթաու քաղաքում»,- նշվել է Կրեմլի հաղորդագրությունում։

1/1795
bottom of page