«Ոչ բոլոր միջամտություններն են հանցավոր»․ Քյարամյանը հետ է կանգնում իր հայտարարությունից
- anigevorgn
- Oct 30, 2024
- 1 min read

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով միջամտության հայտարարության վարույթով չի կանչվել հարցաքննության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քյարամյանը։
«Եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, ապա որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ գործընկեր նախաքննական մարմնի կողմից հարուցված քրեական վարույթին։ Ինձ հարցաքննության չեն կանչել։ Գոյություն ունի նախաձեռնված քրեական վարույթ։ Ես ինչ ասել եմ դրանք փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում առկա գործ»,- նշեց Արգիշտի Քյարամյանը։
Նրա խոսքով՝ ոչ բոլոր միջամտություններն են, որոնք հանցավոր կարող են համարվել․ «Ես դա չեմ համարել հանցագործություն»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ բարձրաձայնեց այդ մասին, Քյարամյանն ասաց․ «Որովհետև ոչ միայն հանցագործություններն են բացահայտվում, այլ նաև երևույթները»։
Անդրադառնալով ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած սկանդալին՝ Քյարամյանը ներողություն խնդրեց․
«Օգտվելով առիթ ուզում եմ ափսոսանք հայտնել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առավել ևս այն պայմաններում որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում։ Եթե հանրությունը ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ, որ տեսել է, իհարկե պատրաստ եմ ներողություն խնդրել»։
Նա պատասխանեց, որ այդ թեմայի առնչությամբ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն չի ունեցել։