top of page

Մեծ մենահամերգ և ալբոմի շնորհանդես. «Նեմրա» ռոք խումբն անակնկալներ կմատուցի հանդիսատեսին

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 4 days ago
  • 1 min read

«Նեմրա» (NEMRA) ռոք խումբը, որն ավելի քան տասը տարի ստեղծագործում է և հանդիսատեսին ներկայացնում հեղինակային, երաժշտական նոր մոտեցումներով հայկական ժողովրդական և այլ երգեր, հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա մեծ մենահամերգով և երկրպագուներին կներկայացնի The End of the Party ալբոմը։

Խմբի անդամներն են Վան Եղիազարյանը, Մարիաննա Կարակեյանը (բեք-վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Վասպուր Եղիազարյանը (բեք-վոկալ, բաս կիթառ) և Մարեկ Զաբորսկին (հարվածային գործիքներ):

Վան Եղիազարյանը խոստովանում է՝ այժմ «Նեմրա»-ի թիմն ավելի քան երբևէ ներդաշնակ է։ «Մեր համերգների ժամանակ դա նկատվում է։ Թե՛ բնավորությամբ, թե՛ կերպարներով շատ տարբեր ենք, բայց բեմում ասես մեկ մարդ ենք դառնում։ Երաժշտություն ստեղծելիս տարբեր գույները միաձուլվում են, ինչի արդյունքում հետաքրքիր կտավ է ստացվում»,-ասում է նա և անդրադառնում The End of the Party ալբոմին, որը «Նեմրա»-ի երրորդ ձայնասկավառակն է։

Երաժիշտը նշում է՝ երգերի մեծ մասի հեղինակն ինքն է, սակայն խմբի անդամներից յուրաքանչյուրն իր մոտեցումներն է բերել, ինչի արդյունքում  դրական էներգետիկայով ստեղծագործություններ են ստացվել։ Ալբոմում ընդգրկվել են նաև Վասպուր Եղիազարյանի հեղինակած երգերից երկուսը։ Ինչպես Mubla և Hmm, այնպես էլ նոր ալբոմի երգերն անգլերեն են։

Խումբը հիմնականում նվագում է բացօթյա հարթակներում, սակայն անհամբերությամբ են սպասում մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին։ Կարծում են՝ ձայնային և լուսային լուծումներով ևս համերգն առանձնահատուկ կլինի։ Համերգի առաջին մասում կկատարեն նոր ալբոմի երգերը, երկրորդ մասում՝ սիրված հիթերը։

«Նեմրա»-ի գործունեությունը չի սահմանափակվում Հայաստանում։ Ամիսներ առաջ խումբը համերգներով է ներկայացել ԱՄՆ-ում։ Հանդես են եկել Գլենդելի «Ալեքս» հեղինակավոր թատրոնում։ Դահլիճը լեփ-լեցուն է եղել։ Վանը խոստովանում է՝ զգացողություններն աննկարագրելի են։ Ելույթներ են ունեցել նաև Սիեթլ քաղաքում։ ԱՄՆ-ից հետո խումբը վերադարձել է Հայաստան, որտեղ մի քանի համերգ է ունեցել ու մեկնել է Կանադա։ Համերգներով ներկայացել են Մոնրեալում և Տորոնտոյում։

bottom of page