«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆՈՒՅՆԻՍԿ ՀԵՌԱԽՈՍՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ՁԵՌՔԻՑ ՎԵՐՑՐԵԼ, ՈՐ ԵՐԵՒԻ ՉՆԿԱՐԵՆՔ, ՄԵՆՔ ԷԼ ԶԱՐՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉԻ
Աննա Հակոբյանը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՔԿԾ աշխատակիցների հետ գնացել էր «Աբովյան» ՔԿՀ՝ կանանց գաղութ։ Տեսանյութում երեւում է, որ Աննա Հակոբյանի ետեւում բանտարկյալ կանայք են նստած՝ բանտային համազգեստով։ Նրանց առաջ ելույթ են ունենում երգիչներ, որոնցից ամենահայտնին Լեյլա Սարիբեկյանն է` Աղվան Հովսեփյանի ամենասիրելի երգչուհին։ Կալանավորված կանայք էլ երգում են, ուրախանում, պարում, իսկ կոստյումներով նստած քաղքենիները, որոնց թվում է, թե իրենց այցով երջանկացրել են այդ կանանց, մեծահոգաբար հետեւում են նրանց ուրախությանը։ Վերջում Աննա Հակոբյանը մոտենում է նրանցից մի քանիսին, մի 2 բառ փոխանակում, լուսանկարվում եւ հեռանում։ Կարող ենք, իհարկե, քննարկել, թե ինչպես եւ ինչու է ՀՀ քաղաքացի Աննա Հակոբյանը հայտնվել ռեժիմային հիմնարկում, ինչու է նրան ուղեկցում անձամբ արդարադատության նախարարը, ինչու են այդ կանանց դեմքերը խոշոր պլանով ցուցադրում, եւ արդյոք դրանում չկա՞ մարդու իրավունքների խախտում, բայց ձեռնպահ մնանք դրանից:
Բանտում ամանորյա այս միջոցառումը կազմակերպել եւ տիկնանց այնտեղ հրավիրել էր «Հանուն ազատության» հասարակական կազմակերպությունը։ Տեւական ժամանակ համերգներ չտվող Լեյլա Սարիբեկյանի երգելն իշխանականների առջեւ՝ համացանցում քննարկման եւ քննադատության ալիք է բարձրացրել։ Մարդիկ հետաքրքրվում էին, թե ինչպես է երգչուհին հայտնվել այնտեղ եւ նախապես գիտե՞ր արդյոք, որ Փաշինյանի կինն այնտեղ է լինելու։
«Կազմակերպել էր այդ կազմակերպությունը, մեկուկես ամիս առաջ հրավիրել էին, սիրով ընդունեցի, գնացի, երգեցի, դրանում դուք վատ բա՞ն եք տեսնում, ես չեմ տեսնում»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին։ «Ես երգել եմ բոլոր նախագահների ժամանակ, դա վարկաբեկո՞ղ բան է։ Երբ մարդը հրավիրված է, նստել է այդտեղ, ինչ-որ խնդիր ունե՞մ այդ մարդկանց հետ։ Ես ի զորո՞ւ եմ ինչ-որ բան փոխել, կարեւորը՝ շեշտեք, որ ես համաձայնել եմ այդ մարդկանց համար օրը լուսավոր դարձնել։ Իմ անցած ճանապարհը դրա մասի՞ն է խոսում, վիրավորական է ինձ համար»,- հանրային վերաբերմունքին այսպես արձագանքեց երգչուհին։
- Մարդիկ հարցնում են` վիրավորական չէ՞ այս իշխանության առաջ երգելը։
- Երբ դա ուղղակի թեմա են դարձնում խոսելու համար, դա ինձ համար նշանակություն չունի, ինձ համար կարեւորն այդ մարդկանց ուրախությունն էր, թե այնտեղ ով կլիներ նստած, ում էին հրավիրել, ում չէին հրավիրել, դա ինձ համար նշանակություն չունի։ Ես այնքան մեծ սիրով եմ դա արել ու ես ասել եմ իմ խոսքի մեջ, որ ես հպարտ եմ, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեր էսօրվա օրը մի փոքրիկ լուսավորելու։
- Դուք չե՞ք իմացել, որ նրանք այնտեղ են լինելու։
- Չէ, չեմ իմացել։
- Որ իմանայիք, կգնայի՞ք։
- Կգնայի, եթե իմանայի, որովհետեւ իրենք չեն ինձ հրավիրել։ Եթե նույնիսկ իմանայի, էլի կգնայի։ Ես ամբողջ իմ կյանքում երգել եմ մարդու համար, բա իմ առաքելությունը ո՞րն է։ Որեւէ մեկը հետաքրքրվե՞լ է, թե ինչ կյանքով եմ ապրում, ինչի չեմ երգում, ամոթ է ուղղակի, անհարմար է։ Երբ ես երգում եմ «Երկիր հայրենին», եւ բոլորը, ընդհուպ Ձեր ասած պաշտոնյաները, հուզված լսում են, դա դրական բան չէ՞։ Թող իմ երգածը լսեն, ոչ թե ռաբիզ, գուցե իրենց հոգում ինչ-որ լավ բան կառաջանա, վատ բան կա՞ դրա մեջ։ Ես դա արել եմ մեծ սիրով, չեմ էլ տեսել՝ դահլիճում ինչ-որ մեկը կա՞, թե՞ չկա, ես գնացել եմ, այդ կանանց աչքերի մեջ եմ նայել եւ ասել եմ, որ ես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ ձեր սրտերում մի փոքր լույս վառելու։ Ես էնտեղ ներկա եմ, երգում եմ, մարդիկ էնտեղ են, ես պիտի ասե՞մ` ինչի եք եկել նստել։ Ես Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, բոլոր իշխանավորների ժամանակ երգել եմ, իրենց տիկինները նստած, ես եղել եմ պետական մակարդակի երգչուհի, լավ ստեղծագործող։ Դուք չե՞ք տեսել, որ ես այժմ իրենց կազմակերպած ոչ մի միջոցառման մեջ ընդգրկված չեմ։ Ինչ այս մարդիկ իշխանության են, իրենց կազմակերպած ոչ մի միջոցառման չեն հրավիրում, դուք դրանից եզրակացություն չե՞ք անում։ Ես էլի շեշտում եմ, որ ինձ հրավիրել է այդ կազմակերպությունը, ես ո՛չ գումար եմ հարցրել, ո՛չ մի բան։
- Դուք իմացե՞լ եք համերգից հետո, որ տեսանյութը հրապարակվելու է։
- Նայեք, մենք ընդհանրապես չենք իմացել, որ ինչ-որ մարդիկ պիտի ներկա լինեն, ես անակնկալի եմ եկել, նույնիսկ մեր հեռախոսներն են մեր ձեռքից վերցրել, որ երեւի չնկարենք, մենք էլ զարմացանք, թե ինչի։ Պրոցեդուրաներն անցել ենք, ինձ էնտեղ մարդիկ ճանաչել են։ Ես պատրաստ էի թիրախավորմանը, ինձ համար կարեւորն այն է, որ ես դա մեծ սիրով ու սրտով եմ արել՝ տեսնելու այդ մարդկանց ուրախությունը։
- Համերգից հետո զրույց եղե՞լ է տիկնանց հետ։
- Ոչ, ես ընդհանրապես չեմ շփվել, ոչ բարեւ-բարի լույս, ես բարձրացել եմ, երգել եմ, դուրս եմ եկել, գնացել եմ, ոչ մի բան։ Ես ունեմ իմ սկզբունքները, համոզմունքները, դա չի՞ հասկացվում իմ պահվածքից։ Ասեմ ավելին՝ երբ ես իմ «Երկիր հայրենին» երգեցի, բոլորը հուզված էին, այսինքն՝ սա դրական բան է, ավելի լավ է իմ երգը լսեն, այդ 4 րոպեի ընթացքում մարդու հոգում կարա ինչ-որ բան փոխվի, ես դրան դրական եմ նայում։
- Ձեր երգից հետո, ըստ Ձեզ, Աննա Հակոբյանի հոգում ինչ-որ բան փոխվե՞ց։
- Ես չեմ ասում կոնկրետ, ես նույնիսկ որեւէ մեկի դեմքին չեմ էլ նայել, բայց ես տեսա, որ ամբողջ դահլիճն իմ հուզմունքի հետ հուզված է, Ձեր ասած իշխանավորները եւ այլն։ Ես իմ մեջ ունեմ իմ սկզբունքները, բայց դա իմ հասանելիության դաշտի մեջ չէր, որ ասեի` ինչի է էսպես։ 7 տարի է՝ այս մարդիկ իշխանության են, ես իրենց կազմակերպած միջոցառումներում ներգրավված չեմ։
- Այսինքն՝ իրենց ցանկալի երգիչների ցանկում Ձեր անունը չկա։
- Այո, իհարկե, դա ասում է, չէ՞, ինչ-որ բանի մասին, որովհետեւ իմ երգը մարդկանց ոգեւորում է, ազնվության, անկեղծության, պայքարի է կոչում։ Դրանից վաղուց պետք է հասկանալի լիներ։