top of page

Վստահ եմ՝ Թրամփի վարչակազմն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի Ադրբեջանի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան


Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և  մյուս 15 հայերին առաջադրված մեղադրանքները  որակել է  որպես «քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներ»:

Իրավապաշտպանն ընդգծել է, որ դատավարությունները, որոնք անցկացվում են զինվորական դատարանում՝ չնայած բանտարկյալների քաղաքացիական կարգավիճակին, զուրկ են թափանցիկությունից և անաչառությունից:

Որպես այս դատավարությունների հիմնական առանձնահատկություն նա  առանձնացրել է հետևյալ կետերը՝

Դռնփակ  գործընթաց: Դատական լսումներն անցկացվել են փակ դռների հետևում, որոնց մասնակցել են միայն ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցները։ Արգելվել է միջազգային լրատվամիջոցների և անկախ դիտորդների մուտքը:

Օրինական իրավունքների խախտում: Ռուբեն Վարդանյանին մերժվել է իր փաստաբանի հետ շփումը, նա չի ունեցել հնարավորություն ծանոթանալու հիմնական իրավական փաստաթղթերին, օրինակ՝ 400 էջանոց մեղադրական եզրակացությունը, որը գրված է ադրբեջաներեն, որին Վարդանյանը չի տիրապետում:

Խոշտանգումներ: Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումների, այդ թվում՝ մենախուց, սննդից և ջրից զրկում և մշտական խիստ ​​հսկողության պայմաններ:

Գենսերն ընդգծել է, որ այս դատավարությունները հայերի ինքնորոշման ջանքերը ճնշելու և տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու ավելի ընդգրկուն ծրագրի մի մասն են։

Ըստ Գենսերի՝ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն շրջադարձային է. Նա վստահություն է հայտնել, որ վարչակազմը պատրաստ է ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել Ադրբեջանի նկատմամբ, ներառյալ հնարավոր պատժամիջոցներն ու դիվանագիտական ​​ճնշումը։ Գենսերը կարևորել է Թրամփի նախկինում Արցախում էթնիկ զտումների դատապարտումը, ինչը ենթադրում է, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում կլինի նրա ղեկավարության ներքո։

ԱՄՆ-ի հարցում ունեցած լավատեսության ֆոնին՝ Գենսերը հիասթափություն է հայտնել Վարդանյանի և մնացած բանտարկյալների շահերի պաշտպանության հարցում Հայաստանի կառավարության սահմանափակ ջանքերի առնչությամբ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել՝ ավելի ակտիվ դերակատարություն ցուցաբերել միջազգային հանրության աջակցությունը ներգրավելու գործում։

Ջերարդ Գենսերը նաև հորդորել է հայկական սփյուռքին՝ միասնության և գործողության։ Նա ներկայացրել է կոնկրետ քայլեր, որոնք անհատները և համայնքները կարող են ձեռնարկել, այդ թվում՝

Գրել հոդվածներ և փոխգործակցել լրատվամիջոցների հետ՝ ընդլայնելու և բարձրացնելու խնդրի մասին իրազեկվածությունը

Համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ կառավարությունների և կառույցների վրա ճնշում գործադրելու համար

«Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար։ Խոսքը միայն հայերի մասին չէ. խոսքն արժանապատվության և ազատության հիմնարար իրավունքի մասին է»,-նկատել է Գենսերը։

Չնայած բացասական հանգամանքներին՝ Գենսերը հույսը չի կորցնում։ Նա կարծում է, որ միջազգային չդադարող քարոզչությունը և Ալիևի ռեժիմի վրա ահագնացող ճնշումները, ի վերջո, կհանգեցնեն արդարության։ Նա ընդունում է Վարդանյանի և մնացած բանտարկյալների համար խիստ պատժի հավանականությունը, սակայն շեշտում է, որ նման գործողությունները հաճախ առաջացնում են համաշխարհային զայրույթ՝ ստիպելով ավտորիտար երկրների առաջնորդներին վերանայել իրենց կեցվածքը:

«Ռուբեն Վարդանյանի պատմությունը տոկունության վկայությունն է, և այն հիշեցնում է բոլորիս, որ արդարության համար պայքարը երբեք ապարդյուն չի լինում»,-խոսքը եզրափակել է Ջերարդ Գենսերը:

bottom of page