Կարող եք Հայկ Մարությանին հարցնել՝ ինքը կյանքում տրանսպորտ նստե՞լ էր․ փոխքաղաքապետը՝ Իզաբելլա Աբգարյանին
- anigevorgn
- Oct 15, 2024
- 1 min read

Երևանի ավագանու նիստի ընթացքում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի կողմից հնչեցրած քննադատություններին։
«Թերևս սկսեմ բազմաթիվ քննադատություններից միակ ճիշտ հատվածից, որ մի վալիդատորը չի բավականացնում։ Մենք նախաձեռնել ենք գործընթացը, որ ձեռք բերենք երկրորդ վալիդատորը։ Օրինակ՝ կարող եք նայել քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակ, երբ ինքը ներկայացնում էր, ասում էր՝ ավտոբուս նստում են առջևի դռնից, և այն պայմաններում, երբ շատ քաղաքներում, որտեղ տրասնպորտի քանակը բավականացնում է, առջևի դռնից մտնելուց երկրորդ վալիդատորի կարիք չի լինում, դրա համար կարող եք ձեր գործընկերոջը հարցնել՝ ինքը կյանքում տրանսպորտ նստե՞լ էր, գիտե՞ր՝ դա բավականացնելո՞ւ է, թե՝ ո՞չ»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է QR կոդով վճարային համակարգի անցմանը, փոխքաղաքապետը նշեց. «Հիմիկվանից ենք դա անում, որ մարդիկ աստիճանաբար սովորեն տարբեր վճարային համակարգերի։ Ոչ թե ակնթարթում ասենք՝ վերջ, ամեն ինչ փոխվեց, մարդիկ խառնվեն իրար։ Այո՛, մետրոյում հերթեր եղել են, և դրանք ունեցել են մի քանի պատճառ, նախ՝ փոխված չէին բոլոր անցարգելները, դրանք այլևս փոխված են մետրոյի բոլոր կայարաններում։ Մարդիկ օբյեկտիվորեն QR կոդից օգտվելու ձևերը չգիտեն, մենք պահում ենք նաև աշխատակիցներ այնտեղ, որպեսզի մարդկանց նոր համակարգին անցումը սահուն իրականացվի»։
Գրիգորյանը, դիմելով ավագանու ընդդիմադիր անդաներին, շեշտեց․ «Մեր և ձեր տարբերությունը ինչո՞ւմն է․ դուք քննադատություններից վախենալով իրականում ավելի շատ ձեր սիրած քաղաքապետի կառավարման օրոք ոչ մի քայլ այս ուղղությամբ չեք արել, իսկ մենք արդեն մեկ տարի է՝ ինչ կառավարում ենք ու շոշափելի քայլեր ենք կատարել։ Խոհեմություն ունենայիք, չփորձեիք դիվիդենտներ հավաքել, բայց փորձում եք»։