Բարձրագույն կրթության ոլորտում կընդլայնվի միջազգային համագործակցությունը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Կոնվենցիան ստորագրվել է 2019թ. նոյեմբերի 25-ին Փարիզում: Առաջարկվող օրինագծի ընդունումը պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական և հումանիտար կապերի ընդլայնման անհարժեշտությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունն (ՅՈՒՆԵՍԿՕ) իր ուրույն տեղն ունի Հայաստանի զարգացման օրակարգում: Մեր երկիրը միացել է կազմակերպության մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին և ակտիվորեն մասնակցում է վերջիններիս կիրարկմանը: Հայաստանը պարտավորվում է ճանաչել մյուս կողմ պետությունում ձեռք բերված որակավորումները և համապատասխան փաստաթղթով կամ վկայականով հաստատված ուսուցումը, որոնք համապատասխանում են մեր երկրում գործող բարձրագույն կրթության համակարգին: Բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների միջազգային ճանաչումը կդյուրացնի փոխկապակցված ուսուցումը, ինչպես նաև կընդլայնվի բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցությունը:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: