Բաքուն համաձայնել է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու առաջարկին
Ադրբեջանական կողմը համաձայնել է Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում անցկացնելու առաջարկին, որը հնչեցրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
«Ադրբեջանական կողմը միշտ բաց է քաղաքական երկխոսության համար և դրական է մոտենում այդպիսի շփումներին։ Այս համատեքստում ադրբեջանական կողմն իր համաձայնությունն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահի առաջարկին՝ ԵՄ միջնորդությամբ Բրյուսելի գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Երեկ Եվրոպական խորհուրդը հայտարարություն էր տարածել, համաձայն որի Շառլ Միշելը պայմանավորվածություն է ձեռք բերել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։
ՀՀ ԱԳՆ ու վարչապետի աշխատակազմը դեռեւս պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել։