Այլևս մի՛ խոսիր․ Թուրքիայի նախկին վարչապետը՝ գործող նախագահին
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում գրառում է արել՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանին խնդրելով այլևս չխոսել լիրայի կուրսի մասին, քանի որ դրանից հետո այն ավելի է արժեզրկվում։ Նոյեմբերի 30-ին Էրդողանը թուրքական «TRT»-ի եթերում, մեկնաբանելով թուրքական արժույթի շարունակական անկումը, վերահաստատել էր, որ իր կառավարությունը վարում է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականություն․ իրենք տնտեսության նոր մոդել են որդեգրել, որի շրջանակներում նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով աջակցելով տեղական արտադրողին և խթանելով արտահանումը:
Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ 13.30-ից հասել էր 13.96-ի՝ գրանցելով հերթական պատմական հակառեկորդը:
Այս զարգացումներից հետո Դավութօղլուն սոցիալական ցանցում հետևյալ գրառումն է արել. «Այն պահին, երբ պետք է երկրին վստահություն ներշնչել, հանգստացնել քաղաքացիներին, նախագահի եթերի ժամանակ դոլարի փոխարժեքը հատում է 13 լիրան, իսկ եթերից հետո հասնում մինչև 14-ի: Այսպիսի հայտարարությունները լիրայի վրա դիտավորյալ հարձակման բնույթ են ստանում: Ի սեր Աստծո, էլ մի՛ խոսիր»: