top of page

Աշխարհը առաջ է շարժվում, իսկ մենք դոփում ենք տեղում․ կրթության ոլորտի փորձագետ


MediaHub.am-ը 2021թ-ի կրթական տարին ամփոփել է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։


Ինչպիսի՞ն էր տարին կրթության ոլորտի համար։


-2021-ին կրթության ոլորտում որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել, որևէ ակնառու արդյունք չի ստացվել: Հանրակրթության ոլորտում որոշ փոփոխություններ կատարվեցին պետական չափորոշիչներում, իսկ բարձրագույն կրթության ոլորտում ևս մեկ տարի կորցրեցինք օրենքի նախագծի ՛՛բարեփոխումների՛՛ վրա: Կորոնավիրուսի համավարակը թելադրող ազդեցություն ունեցավ ուսումնական գործընթացի կազմակերպման վրա, իսկ ռիսկերը այդպես էլ չնվազեցին, որովհետև նախորդ տարվանից որևէ դաս չքաղեցինք, պատշաճ մակարդակով նախապատրաստական աշխատանքներ չիրականացվեցին:


Ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ եղան։


-Ոլորտի հիշվող միակ ձեռքբերում, թերևս, կարելի է համարել առարկայական միջազգային օլիմպիադաներում մեր դպրոցականների ցուցաբերած արդյունքները: Ի շնորհիվ, իհարկե, մեր երկրի առաջատար դպրոցներում աշխատող նվիրյալ մասնագետ-ուսուցիչների: Դրական էր նաև առաջիկայում գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալների խոստացված աճը, որի բաշխման մեխանիզմները դեռևս հայտնի չեն, ու, դրանով պայմանավորված, արդյունավետության գնահատականը կարելի է ավելի ուշ տալ:


Գրեթե տապալված կարելի է համարել ուսուցիչների կամավոր ատեստավորման նախաձեռնությունը: Դրան մասնակցության ցանկություն էր հայտնել գործող մանկավարժների չնչին մասը: Ավելին, ցանկություն հայտնածների 28 տոկոսը չմասնակցեց ատեստավորմանը: Կամավոր ատեստավորման արդյունքում ընդամենը 48 տոկոսը կարողացավ հաղթահարել համապատասխան շեմը և հավելավճար ստանալ:


Երկար չարչրկված ՛՛Բարձրագույն կրթության և գիտության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծը, չնայած մեր բազմաթիվ դիտողությունների, ընդունվեց նախորդ Ազգային Ժողովի կողմից և ուղարկվեց ՀՀ նախագահի հաստատմանը: Նախագահը չստորագրեց և ուղարկեց Սահմանադրական դատարան, որն էլ հակասահմանադրական ճանաչեց օրինագծի որոշ դրույթներ: Դրանք հիմնականում վերաբերում էին բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգին, որը իրական խորչընդոտ էր հանդիսանալու բուհերի ինքնավարության ու ակադեմիական ազատությունների իրացման ճանապարհին: Այժմ ԿԳՄՍ նախարարությունը այն լրամշակել ու, կարծեմ, ուղարկել է Կառավարություն: Ողջ տարին, ըստ էության, կարելի է ժամանակի վատնում համարել: Եթե մեր առաջարկությունները ընդունվեին, օրենքն արդեն ընդունված ու ուժի մեջ մտած կլիներ: Չէ որ դրան հետևելու են բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնք այնքան կարևոր են ոլորտի նորմալ կենսագործունեության համար:


Բուհերում առկա ճգնաժամը կարելի՞ է լուծված համարել։


-Բուհերում ճգնաժամը ուղղակի կապ ուներ դրանց քաղաքականացման դեմ սկսված պայքարի հետ: Օրվա քաղաքական իշխանությունների կողմից բուհերը անմիջական հսկողության տակ պահելու գայթակղությունը շարունակվում է: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է դառնում օրվա իշխող կուսակցության ղեկավարը. այն, ինչի դեմ պայքարում էինք մինչև 2018 թվականը: Մի շարք բուհեր դեռևս կառավարվում են ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատարների կողմից: Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում բարձրագույն կրթության որակի և հայկական բուհերի վարկանիշի վրա: Վերջերս հրապարակվեց եվրասիական տարածաշրջանի համալսարանների վարկանիշային ցուցակը, որտեղ ՀՀ լավագույն բուհերը տեղ են զբաղեցնում միայն երկրորդ հարյուրյակում, իսկ ԵՊՀ-ն հետ է ընկել Ռուս-Հայկական համալսարանից:


Հեռավար կրթությունն ինչպե՞ս է ազդել ընդհանուր կրթական մակարդակի վրա։


-Հեռավար կրթությունը, եթե այն կազմակերպվում է պատշաճ մակարդակով, դրական ազդեցություն կարող է ունենալ կրթության որակի բարձրացման տեսանկյունից: Սակայն այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, հեռավար կրթությունից շատ հեռու է: Ըստ էության կազմակերպվում են դասեր, որոնք ուղղակի առցանց են... Սա շատ վատ հետևանքներ է ունենում մեր կրթական մակարդակի վրա. աշակերտներն ու ուսանողները չեն կարողանում ընկալել հաղորդվող գիտելիքներն ամբողջությամբ, իսկ նրանց մի մասն էլ տեխնիկական և այլ հնարավորությունների բացակայության պատճառով ընդհանրապես չի մասնակցում դասընթացներին: Ընդ որում կորոնավիրուսի համավարակի տարածման համեմատաբար մեղմ ժամանակաընթացքում հեռավար կրթության կազմակերպման որակի բարձրացմանը նպաստող որևէ քայլ չի ձեռնարկվում, իսկ առցանց դասընթացների անցնում ենք սպոնտան, իրավիճակի թելադրմամբ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ամենի հետևանքով էապես իջել է կրթության որակը, դպրոցահասակ երեխաների մոտ ավելացել է անգրագիտության մակարդակը: Բարձր դասարաններում որոշ առարկաներից դպրոցականների գիտելիքների ստուգումները մինչև 2/3 բացասական արդյունք են գրանցել: Այսինքն որոշ առարկաների գծով աշակերտների միայն 30 տոկոսն է կարողանում դրական գնահատական ստանալ:


Կրթության ոլորտը լուրջ հայեցակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է զգում: Աշխարհը առաջ է շարժվում մեծ արագությամբ, մինչդեռ մենք, լավագույն դեպքում, դոփում ենք տեղում: Սա կարող են անել միայն նոր՝ ժամանակակից մտածողությամբ մարդիկ, որոնք, ցավոք, դեռևս օտարված են մնում կրթության համակարգից:



bottom of page