top of page

James Webb աստղադիտակը ճշտել է ուղին



Մասնագետներն իրականացրել են James Webb աստղադիտակի հետագծի ճշգրտման երեք պլանային մանեւրներից մեկը, այն ուղեծիր է դուրս բերվել շաբաթ օրը։ Այս մասին ասվում է ԱՄՆ աերոնավտիկայի և տիեզերական տարածքի հետազոտման ազգային վարչության (NASA) հայտարարությունում, տեղեկացնում է ТАСС-ը։


«ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 19.50-ին սկսվեց միջանկյալ ճշգրտման գործողությունը։ Այն տևել է 65 րոպե եւ այժմ ավարտված է»,- նշել են ԱՄՆ տիեզերական վարչությունում։ Այնտեղ հավաստիացրել են, որ շարժիչների այս միացումը «երկու փուլերից մեկն է, որոնց անցկացման համար ժամանակը վճռական դեր է խաղում, առաջինը արեւային մարտկոցների վահանակների բացումն էր, որը տեղի է ունեցել արձակումից շատ չանցած»։

NASA-ում նշել են, որ մանեւրն օգնել է «ճշտել Webb-ի հետագիծը Երկրից 1 մլն մղոն (մոտ 1,5 մլն կմ) Լագրանժի երկրորդ կետ ուղղությամբ»։ Սպասվում է, որ դեպի նշված կետ ուղին կտեւի մոտ չորս շաբաթ։


Աստղադիտակը շաբաթ օրը ուղեծիր էր մտցվել Ariane 5 կրիչ հրթիռի օգնությամբ։ Արձակումը կատարվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից։ Աստղադիտակը NASA-ի, Եվրոպական տիեզերական գործակալության եւ Կանադայի տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է։


Աստղադիտարանում տեղադրված է 6,5 մ տրամագծով հայելի, որն ամենամեծն է ուղեծիր երբևէ դուրս բերվածներից։ James Webb-ի օգնությամբ ուսումնասիրվելու են տիեզերքում հնագույն աստղերն ու գալակտիկաները, որոնք առաջացել են Մեծ պայթյունից հետո, ինչպես նաև փնտրելու են կյանքի համար օգտակար մոլորակներ։ Դրա գործարկման ժամկետը 10 տարի է։

bottom of page