Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում. Ճանաչենք Մեր Հերոսներին
Արաբո՝ Առաքել, Ստեփանոս Մխիթարյան ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում:
Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը: 1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է Բիթլիսի բանտից, շարունակել իր գործունեությունը: Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը: Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ: Տարոնի հայությանը պաշտպանել է թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի հարստահարություններից: 1889 թվականից սկսած՝ բազմիցս այցելել է Կովկաս: 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուրժողովին: 1893թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս- թուրքական սահմանը՝ ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ: Ճանապարհին՝ Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը: Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի ձորում՝ Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ: Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն: Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը՝ ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները՝ անցնում են ապարդյուն: Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում:
Ժողովուրդը երգեր է հյուսել Արաբոյի մասին, գովերգել նրա խիզախությունը։
Ճանաչենք Մեր Հերոսներին