Արաբական կոալիցիան ռմբակոծել է Եմենը. կան տասնյակ զոհեր
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարել է Եմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծության մեկնարկի մասին՝ ի պատասխան ԱՄԷ-ի տարածքում շիայական «Անսար Ալլա» շարժման (հութիներ) հասցրած հարվածների։
Sky News Arabia-ն հայտնում է, որ կոալիցիայի հայտարարության մեջ ավիահարածներն անվանվում են ռազմական անհրաժեշտություն և սպառնալիքին ուղղված պատասխան։ Նշվում է, որ ռմբակոծություններն ուղղված են ահաբեկիչների առաջնորդների դեմ։ Անվտանգության նկատառումներով խաղաղ բնակիչներին կոչ է արվել հեռու մնալ ռազմական ճամբարներից և հութիների հավաքատեղիներից։
F-15 կործանիչ-ռմբակոծիչները ոչնչացրել են բալիստիկ հրթիռների արձակման երկու կայանքներ, որոնք կիրառվել են ԱՄէ-ին հարվածելու համար։
«Անսար Ալլա» շարժման ենթակայության տակ գտնվող «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 4, վիրավորվել՝ 5 մարդ։
Երկուշաբթի ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում պայթյունների շարք է որոտացել։ Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ պատճառը եղել է անօդաչուների հարձակումը։ ԱՄԷ ազգային նավթային ընկերության վառելիքի պահեստների մոտ վառելիքի երեք ցիստեռն է պայթեցվել, մեկ այլ պայթյուն հանգեցրել է օդանավակայանի նոր կառույցների շրջանում փոքր հրդեհի։ Զոհվել է 3 մարդ՝ մեկ պակիստանցի և 2 հնդիկ, ևս 6-ը վիրավոր են։
Եմենի հյուսիսում իշխող շարժման անդամներն ավելի ուշ հաստատել են, որ ականապատված անօդաչուների օգնությամբ հարվածներ են հասցրել Աբու Դաբիի և Դուբայի օդանավակայաններին՝ սպառնալով ԱՄԷ ռազմավարական օբյեկտների վրա նոր հարձակումներ գործել։ Նշվում է, որ կիրառվել է 5 բալիստիկ հրթիռ և մեծ քանակությամբ անօդաչու սարքեր։
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է կառավարական ուժերի և հութիների դիմակայությունը։ 2015 թվականից կառավարության կողմից պայքարում է արաբական կոալիցիան։ Չնայած այն բանին, որ ԱՄԷ-ն ավելի վաղ հայտարարել էր Եմենի ռազմական օպերացիաներում իր մասնակցության ավարտի մասին, սակայն թողել է զինվորականներին Եմենի նավահանգիստներում իր իսկ կառուցած ռազմաբազաներում։