ԱՄՆ-ը բացառել է Լեհաստանում և Բալթյան երկրներում զորքերի կրճատման հնարավորությունը
Վաշինգտոնը չի ծրագրում դիտարկել Լեհաստանում և Բալթյան երկրներում մշտապես տեղակայված ամերիկյան զորքերի թվի կրճատման հնարավորությունը։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը։
Նրա հայտարարությունը պատասխան էր NBC-ի հրապարակմանը, որում ասվում էր, որ հարցը կարող է բարձրացվել ամերիկյան կողմի և Մոսկվայի միջև հաջորդ շաբաթ կայանալիք բանակցությունների ընթացքում։
Հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպման ժամանակ ամերիկացի պաշտոնյաները կքննարկեն միայն երկկողմ անվտանգության հարցեր, լրագրողներին ասել է պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան և հավելել, որ Միացյալ Նահանգները խնդրահարույց է համարում Եվրոպայից ամերիկյան միջուկային զենքը դուրս բերելու Ռուսաստանի կոչերը: