Ուկրաինան և ԱՄՆ-ը ստորագրել են Գործընկերության խարտիա
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ստորագրել են ԱՄՆ-Ուկրաինա ռազմավարական գործընկերության խարտիա, որը սահմանում է առաջիկա տարիների համար առանցքային ոլորտներում երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ը։ Թարմացված խարտիան կփոխարինի համանման փաստաթղթին, որը կողմերի միջև ստորագրվել էր 2018 թվականին։ Կուլեբայի պարզաբանմամբ՝ 2021 թվականի խմբագրումն ունի մի շարք տարբերություններ, առաջին հերթին՝ կապված նոր իրողությունների, մասնավորապես Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ագրեսիայի հետ։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ը հաստատում է պարտավորությունը՝ աջակցելու Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ներառյալ Ղրիմը։ Նախատեսվում է երկկողմ փոխգործակցության ընդլայնում՝ Եվրոպայում և Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ուժեղացման, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով։
Խարտիան նաև ամրագրում է Վաշինգտոնի աջակցությունը Կիևի՝ եվրոպական և եվրաատլանտյան ինստիտուտներին անդամակցելու ձգտումներին։ Փաստաթղթում դրականորեն է գնահատվում Ուկրաինայում կարևոր բարեփոխումների անցկացումը։
Բացի այդ, թարմացված փաստաթղթում ամրագրված է Ամերիկայի աջակցությունն ուկրաինական տնտեսության փոխակերպումների հավակնոտ պլանին, ինչը նախատեսում է առանցքային ոլորտների արդիականացում և աջակցություն ներդրումներին։
Ուկրաինան և ԱՄՆ-ը կվերանայեն այդ խարտաին յուրաքանչյուր 10 տարին մեկ կամ ավելի վաղ, եթե երկու կողմերն էլ փոփոխությունների կարիք զգան։
Նշենք, որ ուկրաինական պատվիրակությունը Վաշինգտոնում է, որտեղ նոյեմբերի 10-ին կայացել է Ուկրաինա-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստը։