top of page

Հայաստանի ԱԳ նախարարի հետ ընկերներ ենք դարձել. Չավուշօղլու


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին ուշադրությամբ հետևող ԱՄՆ-ի պետքարտուղարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում ի թիվս օրակարգային այլ հարցերի Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման:


Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին:


Տարեվերջին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի ցանկությամբ բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարին Մոսկվայում։ Չավուշօղլուն ընդգծել էր, որ բանագնացները պետք է մշտական կապի մեջ լինեն և հաջորդիվ հանդիպումները կարող են կայանալ նաև Երևանում ու Անկարայում:


Թե ինչ են երեկ խոսել Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների մասին, կողմերի պաշտոնական հաղորդագրությունները չեն մանրամասնում։ Փոխարենը Չավուշօղլուն օրերս տված հարցազրույցում մի շարք մանրամասներ է պատմել հայ-թուրքական նշմարվող երկխոսության մասին:


Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, պատմել է, թե ինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Ի դեպ, այս ոչ պաշտոնական շփման մասին երկու երկրների արտաքին գերատեսչությունները ոչինչ չէին հաղորդել։


Աղբյուրը՝ Politik.am

1/1815
bottom of page