top of page

Արցախցիները վաճառում են «Աշտարակ կաթը»․ մանրամասներ

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և արցախցի շատ կարկառուն դեմքեր գատղնիք չէ, որ Հայաստանում բիզնեսներ ունեին, որոնք տիրություն էին անում նրանց հետ փոխկապակցված անձինք, երբեմն նաև իրենք՝ անձամբ։ Այդ բիզնեսներից մեկն էլ «Աշտարակ կաթ» ընկերությունն է, որը պատկանում էր այժմ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին (ըստ մամուլի) և արցախցի գործարար Վանո (Իվան) Ավանեսյանին։ Նրանք երկուսն էլ փայատեր են այդ ընկերությունում։ 

Եւ հիմա, MediaHub-ի տեղեկություններով, արցախցիները որոշել են վաճառել «Աշտարակ կաթ» ընկերությունը։ Պատճառը, նախնական վարկածով, ֆինանսական խնդիրներն էին, որի մեջ այս ընկերությունը դեռ նախկինների թվերից էր հայտնվել։ 

Հիշեցնենք, դեռ 2017 թվականին ընկերության աշխատակիցները միտինգ էին անում կառավարության դիմաց՝ վարչապետ Կարեն Կարապետյանից պահանջելով քայլեր ձեռնարկել, որ ընկերությունը վճարի իրենց աշխատավարձերը։ Այս տարիների ընթացքում էլ ընկերությունը լուրջ խնդիրներ է ունեցել:

Մեզ ասացին՝ Վանո Ավանեսյանը համաձայնել է վաճառել իր փայը, իսկ Արայիկ Հարությունյանի մասով էլ նրա ներկայացուցիչն է մասնակցել գործարքին: 

Մենք փորձեցինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ Արայիկ Հարությունյանի և Վանո Ավանեսյանի մտերիմների կամ օգնականների հետ։ Հարությունյանի օգնական Արթուր Պետրոսյանը մեզ ասաց, որ 2020 թվականից ի վեր, երբ իրեն հեռացրին աշխատանքից, ինքն Արայիկ Հարությունյանի հետ որևէ առնչություն չի ունեցել ու նրա գործերով չի զբաղվել, չնայած որ նախկինում զբաղվում էր, այդ թվում՝ հայաստանյան բիզնեսներով։ Իսկ Վանո Ավանեսյանի՝ Անժելա անունով օգնականն էլ, որը նաև Ավանեսյանի կնոջ քույրն է (քենին), լսելով, որ իր անձնական համարին լրագրող է զանգահարել, բավականին ագրեսիվ տոնով արձագանքեց, թե ո՞վ է իր անձնական համարը տվել, ի՞նչ իրավունքով ենք իրեն զանգել, բայց հաստատեց, որ ինքն Ավանեսյանի օգնականն է։ 

«Հարցը նրանում ա, որ իմ անձնական համարը ո՞վ ա իրեն իրավունք վերապահել տալու, նենց չի, որ ես չեմ աշխատում, երկրորդն էլ՝ ես չեմ կարող Ձեզ որևէ տեղեկություն տալ, որովհետև ես իրավասություն չունեմ»,- ասաց նա։

Խնդրեցինք Վանո Ավանեսյանից ճշտի, ասի, եթե ինքը իրավասություն չունի, սակայն Անժելան նախ ճշտեց՝ որ լրատվականից ենք, ապա առաջարկեց հավաստի աղբյուրներից ճշտել այդ ինֆորմացիան, որը ինքը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ չցանկանալով, սակայն, Վանո Ավանեսյանից այս մասով հստակ մեկնաբանություն ստանալ և մեզ փոխանցել։ 

Իսկ մեր հավաստի աղբյուրներն ասում են, որ Ավանեսյանը վաճառում է «Աշտարակ կաթ» ընկերությունում իր բաժնեմասը, որի համար, ինչպես նշեցինք, ստացել է գործընկերների համաձայնությունը։

bottom of page