Կրակոցներ են հնչել քաղաքապետարանի մոտ․ վիրավոր կա
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարեկները շտապ մոտեցել են նշված վայր ու նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված «Mercedes G 55» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներ։
Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի, սակայն պարեկները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել են նրանց։ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել պարեկներից, ավտոմեքենան թողնում է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում և դուրս է գալիս մեքենայից ու փախնում, իսկ «յաշիկ»-ին պարեկները հետապնդում են ու Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, կարողանում են վնասազերծել «Mercedes G 55»-ը։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերում են կրակված 1 պարկուճ ու մինչ դեպքի վայրում հետախուզական աշխատանքներ էին կատարում ոստիկաններն ու պարեկները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։