Պաշտամունքային դարաշրջանն անցյալում է, արձանապաշտությունը պետք է հանենք մեր միջից․ քաղաքացիները՝ Հիսուսի արձանի մասին
Հատիս լեռան բարձունքին 44 մետրանոց պատվանդանի վրա շուտով վեր կհառնի Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը։ Անդրադառնալով փրկչի արձանի տեղադրմանը, MediaHub-ի զրուցակիցների կարծիքները նման ու տարբեր են։ Շատերը կարծում են, որ դա սնոտիապաշտություն է, իսկ մի մասը՝ հակառակը։
«Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, ուստի Քրիստոսի ամենամեծ արձանը պետք է լինի մեզ մոտ։ Աշխարհի ավելի քան 20 երկրներում փրկչի արձան կա, տեսեք, Ռիո դե Ժանեյրոն տարեկան քանի հազար զբոսաշրջիկ է ընդունում, ովքեր ցանկանում են այցելել Քրիստոսին, մեր մոտ էլ կգան»,-ասում է քաղաքացիներից մեկը։
Հասմիկ Առաքելյանը հաշմանդամ դստեր հետ ամեն օր Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցում է, պարտադիր մասնակցում է Սուրբ պատարագին ու երեկոյան ժամերգություններին։ Այնքան է նվիրվել հոգևոր կյանքին, որ ասում է՝ տարբերում է հոգևոր ու աշխարհիկ բարքերը։ Խոսելով փրկչի արձանի մասին՝ մեջբերեց տասնաբանյա պատվիրանը։ «Իզուր չէ ասված՝ «Կուռքեր չշինե՛ս քեզ համար», սա ենթադրում է, որ մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել։ Մենք խոսում ենք առաջին քրիստոնյա լինելուց, բայց նաև առաջին կռապաշտ ազգն ենք։ Տերը պետք է լինի մեր մեջ, արձանապաշտությունը պետք է հանենք մեր միջից»,- ասաց Հասմիկը։
Եկեղեցում երեկոյան ժամերգության մասնակիցներից շատերի կարծիքով՝ Հիսուսի արձանի տեղադրումը բիզնես նպատակ ունի միայն։
«Ժողովրդի մեծ մասը կարծում է, որ դրա ժամանակը չէր։ Երկրագունդն այլ վիճակում է, «սեղանին»՝ Հայաստանի լինել չլինելու հարցն է, չորս կողմից հոշոտում են մեզ։ Հարյուրավոր կորսված վանքեր ու եկեղեցիներ ունենք, նույնքան՝ խոնարհված։ Հազարավոր անտուն-անտեր մարդիկ տանիք չունեն, ժողովուրդը աղքատ։ Դրա մասին պետք է մտածել, ոչ թե արձաններ կառուցեն, ֆոսֆորով ներկեն, ասեն՝ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք։ Պաշտամունքային դարաշրջանը մնացել է միջնադարում։ Հետևապես, մենք հնդիկներից ինչո՞վ ենք տարբերվում»,-հավելեց մասնակիցներից մեկը՝ նշելով, որ շուտով Հատիսի ստորոտին խորովածանոցներ, հյուրանոցներ և առևտրային կենտրոններ են բացվելու։
Հիշեցնենք, Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի տեղադրման ծախսերն ամբողջությամբ հովանավորում է Գագիկ Ծառուկյանը։ Համալիրը պատրաստ կլինի 3 տարուց: Ի սկզբանե այս նախագիծը բուռն քննադատությունների արժանացավ, և մինչ օրս էլ հասարակությունը միանշանակ կարծիք չունի դրա մասին: