Բազմոցին նստել և գրառումներ անելը ամենահեշտ գործն է. Առուշ Առուշանյանն արձագանքում է իրեն քննադատողներին
Ես ասել եմ, որ պետական ցանկացած սուբյեկտի նկատմամբ հարգանք ունեմ, իմ ասածի լոգիկան պարզ է, դատարանի բակում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Եթե, պայմանական, «իքս» սուբյեկտում անձը վատը լինի, նշանակում է սուբյեկտը վա՞տն է։ Ես այդ մարդկանցից ոչ մի ավելի քայլ չեմ տեսել, իրենք իրենց գործառույթն են կատարում, ես էլ իմ իրավունքներն ունեմ ու դրանք եմ պաշտպանում»,- ասաց Առուշ Առուշանյանը։
Հիշեցնենք, օրեր առաջ Գորիսի քաղաքապետը հայտարարել էր, թե իր հետ կատարվողը քաղաքական հետապնդում չէ, և որ ինքը մեծագույն հարգանք ունի պետական կառույցների նկատմամբ։
Դիտարկմանը, թե իր այդ խոսքերի համար իրեն քննադատում են, այդ թվում՝ նաև իր նախկին ընկերները, Առուշանյանն արձագանքեց.
«Ես նախկին, ներկա ընկերներ չունեմ, ես ունեմ ընկերներ, գաղափարական ընկերներ։ Քննադատող մարդիկ իրականությունը քաղաքական համատեքստում են դիտակում։ Վերջին շրջանում շատ ակտուալ է, որ մարդիկ կարծիք են արտահայտում և դրա համար պատասխանատվություն չեն կրում։ Բազմոցին նստել և գրառումներ անելը ամենահեշտ գործն է։ Մարդիկ ասում են այն, ինչ իրենք են ուզում ասել, բայց հենց իրենց սուբյեկտիվ դաշտից դուրս գան, իրականությունը կտեսնեն»։