top of page

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով պարզապես խորացնելու է արցախցիների աղքատությունը և շատերին մղելու է արտագաղթի ճանապարհը բռնել․ Բեգլարյան

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 3 days ago
  • 1 min read

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․

«Այսօր Փաշինյանի կառավարությունն ընդունեց տգիտության ու ժխտողականության հերթական ակտը՝ ծանուցելով ևս առնվազն մեկ տարի առաջին դասարանում մնալու իրենց անկոտրում կամքը:

Ի հեճուկս արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքի պահանջների, հրապարակայնորեն ու փակ ձևաչափերով ներկայացված հիմնավոր փաստարկների, եղած ու պլանավորվող կարգավորումներում որոշ սխալների վերաբերյալ իրենց ինքնախոստովանանքների, սխալները շտկելու վերաբերյալ հնչած խոստումների ու պատրաստակամության, ներառականության ու ժողովրդավարության վերաբերյալ ձոնվող սրտառուչ ռոմանսների՝ կառավարությունն այսօր ընդունեց այնպիսի մի որոշում, որով պարզապես խորացնելու է շուրջ 100,000 արցախցիների աղքատությունը և մղելու է շատերին արտագաղթի ճանապարհը բռնել: Արցախցիների շրջանում եղած շուրջ 70-80% աղքատությունը շուտով ավելի է աճելու, իսկ նրանց մեծամասնությունն էլ իջնելու է ծայրահեղ աղքատության շեմից ներքև:

Այս իշխանությունները փոխանակ օգնեն տեղահանված արցախցիներին ամրանալ Մայր Հայաստանում և ամրացնել այն, մեզ դիտարկում ու ներկայացնում են որպես «թշնամի»՝ իրենց ներքին ու արտաքին քաղաքական երազները սնելու և ձախողումներն արդարացնելու նպատակով:

Օրեր առաջ կառավարությունը պատրաստ էր կիսատ ու ձևական զիջման գնալ, այն է՝ մեկ ամսով երկարաձգել բնակվարձի աջակցության նախկին ծրագիրը՝ դրա դիմաց պահանջելով Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանի ապամոնտաժում: Ինքնին այդ առաջարկը մեր բոլորիս պայքարի հաջողության ցուցիչներից էր՝ ցույց տալով հանրային ճնշման արդյունավետությունը այսպիսի իրավիճակներում: Սա նշանակում է, որ պետք է մեր պայքարը ավելի լայն թափ ստանա՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության:

Ինչ վերաբերում է պայքարի նպատակներին, ապա թեև 12 հիմնական նպատակներ են ձևակերպված հանրահավաքի պահանջագրում, սակայն այս պահին ամենահրատապն ու ամենազանգվածայինը Մայր Հայաստանում արցախցիների կայուն ու արժանապատիվ կեցության ապահովումն է: Առանց այդ նպատակի իրականացման՝ մնացած բոլոր նպատակները կա՛մ իմաստազուրկ են, կա՛մ էլ՝ շատ ավելի դժվար իրագործելի:

Միասին՝ հանուն մեր իրավունքների»։

bottom of page