Քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանը դատի է տվել 2 տասնյակ գործիչների և նրա բոլոր հայցերը բավարարվում են. Ղազարյան
Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես այսօր շատ հարցերի պատասխաններ եմ ուզում ստանալ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչից: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին տեսկան, այժմ քաղաքական ակտիվիստ Էդգար Ղազարյանը:
«Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը ԵԽ անդամ երկրներ են; Արդյոք կարելի՞ է, որ 21-րդ դարում ԵԽ պատասխանատվության գոտում մի միջնադարյան հետամնաց բռնապետ խախտի միջազգայնորեն ընդունված սկզբունքները, կանոնները, հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա՝ բացառապես իր էթնիկ խմբին պատկանելու իմաստով, ցեղասպանության ենթարկի, որից հետո շատ կարճ ժամանակ անց էդ մարդկանց իրենց բնօրրանից բռնի տեղահանեն:
Հետաքրքիր է՝ ԵՄ անդամ ուրիշ երկրում նման բան գոյություն ունի՞, թե՞ ոչ: Ընդ որում դա իրականացվի ՀՀ իշխանությունների հետ համաձայնությամբ, որը ԵԽ անդամ մեկ այլ երկիր է:
ԵԽ անդամ ուրիշ երկիր կա՞, որտեղ ՄԻՊ-ը դառնա հետախույզ, իսկ դատախազը դառնա ՄԻՊ»,-ասաց նա:
Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը՝ նշելով. «Եթե այդ մարդիկ քաղբանտարկյալ չեն, ուրիշ ինչի՞ համար են նստած: Մեր հասարակության մեջ կա՞ մի մարդ, որ մտածում է, որ Արմեն Աշոտյանը հանցագործություն է արել եւ պետք է բանտ նստի: Պարզ չի՞, որ նա բանտում է բացառապես իր քաղաքական դիրքորոշումների, իր կուսակցական պատկանելիության համար: Պարզ չի՞, որ Մամիկոն Ասլանյանը բանտում է գտնվում բացառապես այն բանի համար, որ Վանաձորում հաղթել է ՔՊ-ին: Որեւէ մեկը մտածում է, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է, որովհետեւ հանցա՞նք է գործել:
Ալեն Սիմոնյանը, որ թքել է քաղաքացու վրա եւ մնացել է անպատիժ, դատի է տվել երեւի երկու տասնյակ գործիչների, լրագրողների եւ առանց բացառության նրա բոլոր դատական հայցերը բավարարվում են առնվազն ներողություն խնդրելու մասով: Սա խոսքի ազատության, իշխանությունների հանդուրժողականության ժամանակակից եվրոպական ստանդարտնե՞ր են:
Եթե ԵԽ նախագահը եկել է Հայաստան, նա պետք է միայն այս հարցերի օրակարգով գա, պետք է ասի՝ գիտե՞ք ինչ, եթե դուք ԵԽ անդամ երկիր եք, ԵԽ արժեքներով պետք է առաջնորդվեք: Թե չէ սրանք երկուսով Ալիեւի հետ ստեղծել են մի հատ հետամնաց, մեկը կազմակերպված, մեկը՝ թափթփված բռնապետություն, եւ պարզվում է, որ այդ բռնապետությունն արժանանում է սրանց ամենաբարձր գնահատականին»:
Նշենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝ ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ և բանաձև ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։
Նշենք, որ նրանք քաղբանտարկյալ են համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և «Իմնեմնինի» փոդքաստի վարողներ՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին և Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը։