Գիտնականները հայտնել են՝ ինչ խնդիրների կարող է հանգեցնել ընկճախտը չբուժելը
Չինաստանի Ֆուդանի համալսարանի գիտնականները պարզել են, ընկճախտը (դեպրեսիա) չբուժելը բարձրացնում է թուլամտության (դեմենցիա) զարգացման վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Psychiatry (Bio Psychiatry) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 350 հազար մարդ, որոնց մոտ դեմենցիա էր ախտորոշվել։ Գիտնականները կամավորներին խնդրել են պատմել՝ արդյոք նախկինում իրենց մոտ դեպրեսիա ախտորոշվել է, թե ոչ և բուժման ինչ մեթոդներ են օգտագործել խնդրի ախտորոշման դեպքում։ Գիտնականները նաև տվյալներ են հավաքել մասնակիցների մոտ գիտափորձին մասնակցելու պահին ընկճախտի առկա ախտանշանների վերաբերյալ:
Խնդրի մասին վկայող ախտանշաններն ըստ բնույթի բաժանվել են չորս խմբի՝ ուժգնացող, թուլացող, քրոնիկական ինտենսիվ և ցածր ինտենսիվության: Մասնակիցներին գիտնականները բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինում նախկինում հակադեպրեսանտներ ընդունած և հոգեթերապևտի հետ թերապիա անցած անձինք էին, իսկ երկրորդում նրանք, ովքեր չեն բուժել ընկճախտն ախտորոշումից հետո։
Պարզվել է, որ ընկճախտը բուժած մարդկանց համեմատ դեպրեսիայի դեմ որևէ թերապիա չստացած մարդկանց մոտ թուլամտության զարգացման հավանականությունը 30 տոկոսով բարձր է։ Բացի այդ, բուժում չստացած կամավորների մոտ հաճախ էին նկատվում ընկճախտի բարձր ինտենսիվությամբ ախտանշաններ, ինչը բացասաբար էր անդրադառնում նրանց կյանքի որակի վրա։