Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ երեխաներ ամառային հանգստի են մեկնել ՌԴ
Ռուսաստանի Իվանովո քաղաքի Ե․Դ․ Ստասովայի անվան «Ինտերդոմ» միջազգային դպրոցում մեկնարկել է «Վաղը չէ մյուս օրը» երիտասարդական ծրագրի ամառային հերթափոխը, որին մասնակցում է արցախցի 60 դպրոցական։
Հերթափոխի շրջանակում, ըստ ծրագրի, երեխաները կծանոթանան Ռուսաստանի մշակույթին, կանցկացվեն վարպետաց դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվա և Ոսկե օղակի քաղաքներ, կկազմակերպվի ռուսաց լեզվի ուսուցում և ռուսաստանցի հասակակիցների հետ շփում։
«Նախաձեռնությունը պատկանում է ռուսական կողմին՝ «Ժառանգություն եւ առաջընթաց» հիմնադրամին։ Երեխաների ժամանումը Ռուսաստանի Դաշնություն օգնել են կազմակերպել ՌԴ Լուսավորության նախարարության Միջազգային համագործակցության կենտրոնը, «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը։ Նախագծում արցախցի երեխաների հերթափոխն իրականացրել է ՌԴ նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային կից «Երկիր երեխաների համար» բարեգործական հիմնադրամը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամլո խոսնակ Գոհար Կարապետյանը։
Նրա խոսքով` երեխաները բնակվում են Հայաստանի տարբեր քաղաքներում` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Մասիսում եւ Հրազդանում: Ամառային ճամբարի ողջ ընթացքում նրանց կուղեկցեն մանկավարժական կրթություն և երեխաների հետ աշխատելու փորձ ունեցող մասնագետներ. մշակվել է բազմակողմանի մշակութային, ժամանցային և կրթական ծրագիր:
Ծրագրի համակազմակերպիչ, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ Արմաիս Քամալովն ընդգծեց նմանօրինակ ծրագրերի կարեւորությունը երեխաների` որպես բարի ավանդույթները կրողների ներաշխարհի ձեւավորման գործում:
«Չկա ոչինչ ավելի կարևոր, քան նրանց ապագան։ Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի այսպիսի բարդ իրավիճակում հայտնված երեխաները շարունակեն ժպտալ, ապրել և զարգանալ»,- նշեց հիմնադրամի նախագահը:
Երեխաները ճամբարում կմնան մինչև հուլիսի 30-ը: