Զգացմունքներն անհրաժեշտ են աճելու համար. «Գլուխկոտրուկ 2»
Ի տարբերություն այլ կինոստուդիաների, Pixar-ը, գրեթե, միշտ ոչ ավանդական մոտեցում է ցուցաբերել անիմացիոն սցենարների նկատմամբ, որոնք շատերը կապում են մուլտֆիլմի որակի որոշակի նշաձողի հետ։ Այսպիսով, 2015-ին թողարկվեց «Inside Out»/«Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը, որն ակնթարթորեն «պայթեցրեց» տոմսարկղը եւ արժանացավ «Օսկար»-ի: Ինը տարի անց թողարկվեց մուլտֆիլմի երկրորդ մասը, որը նույնպես գերազանցեց տոմսարկղերի բոլոր ռեկորդները՝ ավելի քան 1 միլիարդ դոլար՝ մեկ ամսից պակաս ժամանակում։
Պատմության շարունակության մեջ առաջին մասի փոքրիկ աղջիկը՝ Ռայլին, այժմ դեռահաս է եւ անցնում է տարիքային բոլոր դժվարությունների միջով։
Մանկական մուլտֆիլմը փոխանցում է այն, որ բոլոր զգացմունքները կարեւոր են եւ անհրաժեշտ՝ միաժամանակ մեծերին հիշեցնելով դրա մասին:
«Inside Out 2»-ը պատմվածքի լավ շարունակությունն է այն մասին, թե որքան ուժեղ են երիտասարդ աղջկա փորձառությունները, եւ ինչպիսի հույզերի ու ներքին դժվարությունների են բախվում դեռահասներն ամեն օր: Դրաման, որը ծավալվում է հերոսուհու ներաշխարհի շուրջ, արտացոլում է դասական պատանեկությունը, ինչպես նաեւ ցույց է տալիս մեծահասակներին, թե ինչի միջով պետք է անցնեն դեռահասները եւ ինչու նրանք երբեմն կարող են այդքան անտանելի լինել:
Առաջին մասի հինգ հիմնական հույզերին՝ ուրախություն, տխրություն, վախ, զայրույթ եւ զզվանք, նոր մասը ավելացնում է անհանգստություն, նախանձ, բլյուզ եւ ամոթ: Վրդովմունքն առաջանում է միայն այն պատճառով, որ նոր հույզերը կարող են փոխարինել հներին, որոնք մի պահ տարրական են, ինչը շատ անհեթեթ է եւ անիրատեսական։
Տեղ-տեղ ֆիլմը նույնքան քաոսային է, որքան այն ժամանակաշրջանը, որի միջով անցնում է գլխավոր հերոսը։ Մենք բոլորս դեռահաս էինք՝ վայրի, համառ եւ անվախ: Եվ եթե կարող եք ասել, որ դուք հանգիստ դեռահաս էիք, ապա ես ձեզ համար վատ լուր ունեմ. չապրելով ձեր կյանքի այս շրջանը՝ դուք ձեզ դեռահասի պես կպահեք արդեն հասուն տարիքում, բայց դա արդեն սահմանակից կլինի ինֆանտիլիզմին: Այսպես թե այնպես դու կկորցնես քո դեռահասական ըմբոստությունը կյանքում, հարցն այն է, թե ե՞րբ։ Ինչպե՞ս Ռայլին կանցնի իր այդվփուլը: Սփոյլեր. Ռայլիի տարբերակն ամենաառողջն ու հասունն է:
Հատկանշական է, որ բոլոր հույզերից միայն ուրախությունն է «պլյուս» համարվում, մինչդեռ մնացած բոլորը, այդ թվում՝ նոր հույզերը, կարելի է նշել «մինուս»-ով։
Ի հավելումն նրա, որ ֆիլմն օգնում է դեռահասներին հասկանալ, որ իրենք միայնակ չեն իրենց փորձառություններում, այն կարող է նաեւ հիանալի հիշեցում լինել մեծահասակների համար, որ թույլ տան իրենց երեխաներին ինքնուրույն զգալ այդ շրջանը՝ առանց այդ հույզերը ճնշելու: Թույլ տալ նրանց զգալ այն, ինչը կօգնի դեռահասներին դառնալ ավելի հասուն եւ կայուն անհատականություններ: