top of page

Ոստիկանության 9 ծառայող ազատվել է աշխատանքից, մի քանիսը՝ ստացել խիստ նկատողություն. ՆԳՆ

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից՝ նշելով, որ  նիստին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության 13 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 9 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 2 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

1/1796
bottom of page