«Աստծո հույսին ենք»․ Կիրանցի
Սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանն իր կնոջ, ԿԳՄՍ նախարարի և մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել էր Կիրանց՝ կտրելու թշնամու դիրքերից ընդամենը մի քանի մետր այն կողմ կառուցված դպրոցի կարմիր ժապավենը։
«Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի պատմության մեջ Կիրանց դպրոց գնալը երբեք ավելի անվտանգ չի եղել և Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է»,- ասել էր Փաշինյանը։
Կիրանցի բնակիչ Մասիս Ավալյանը 168․am-ի հետ զրույցում նշել է՝ եթե Նիկոլ Փաշինյանը կտրում է թշնամու քթի տակ գտնվող դպրոցի ժապավենը ու բոլորին ասում, թե անվտանգ են Կիրանցն էլ, դպրոցն էլ, դա դեռ չի նշանակում, որ իսկապես այդպես է։
«Նիկոլ Փաշինյանը հստակ չի ասում, որ ապահովելու են անվտանգությունը, մասամբ է ասում։ Ինքն ասում է, որ չի կարող թշնամու դեպքում «գարանտիա» տալ, որ մեզ համար վտանգ չի ներկայացնի, կարելի է ասել՝ Կիրանցն ու Կիրանցի բնակիչներն Աստծո հույսին են։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, Կիրանցի դպրոցի պատուհանները մի քիչ բարձր է սարքել, որ երեխաներն ադրբեջանցի զինվորականներին չտեսնեն, բայց ադրբեջանցի զինվորների համար դա կապ չունի՝ երեխան իրենց կտեսնի՞, թե՞ ոչ, նա իր գործողություններն անելու է»,- նշել է Մասիս Ավալյանը։
Նա հավելել է՝ տարածքի որոշ հատվածը փշալարով է փակված, սակայն հակառակ կողմից պարզ երևում է թե՛ դպրոցը, թե՛ դպրոցի ներսը, դասասենյակները։
Մասիս Ավալյանի խոսքով՝ Կիրանց գյուղը գտնվում է փոսում, գյուղի որոշ հատվածներ են տեսանելի թշնամուն, և սա 90-ականներից սկսած թշնամու համար մեծ խնդիրներ է առաջացրել՝ ամեն ինչ անում էր, որպեսզի ներթափանցեր գյուղ, սակայն չի հաջողվել։
«Կարելի է ասել, որ 90-ականներից թշնամին միայն մեծ խնդիրներ ունեցել է Կիրանցի հարցում, որովհետև պետք է գործի դներ միայն ծանր զենք, ավտոմատով հարցեր չէր կարողանում լուծեր։ Ադրբեջանը 90-ականներին որոշել էր մտներ Կիրանց ու գյուղից տներ վառել, մեր գյուղի առաջին տունը, որը քանդեցին վերջերս, Ադրբեջանը երեք անգամ փորձել է մտնել ու վառել՝ չի հաջողվել։ Դրա համար այդ ժամանակվանից սկսած Կիրանցը դարձել է թշնամու աչքի փուշը»,- հավելել է նա։
Ավալյանը նաև ասել է, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորված այս գործողությունների արդյունքում Կիրանցի բնակիչներն այդպես էլ չեն կարողացել ամբողջությամբ հնձել իրենց ցորենի արտերը, որոնք թշնամու զբաղեցրած դիրքերից որոշ չափով հեռվում են գտնվել՝ միայն այդ դաշտերի ցորենն են հավաքել, մնացած ցորենի դաշտերի ցորենը հավաքել է ադրբեջանական կողմը։
«Թշնամին հիմա չի խանգարում մեր գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, քանի որ սահմանից այն կողմում էլ ադրբեջանցի գյուղացին է դաշտում աշխատում, գիտի, որ եթե կրակեն, մենք էլ չենք նայելու մեր սահմանապահներին, մենք էլ մերը կանենք։ Անհանգստությունը մեր երեխաներն են, որ չկրակեն այդ ուղղությամբ»,- ասել է Մայիս Ավալյանը։