top of page

Պեկինում բանակցել են ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան զինվորականները


ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Պեկինում՝ հերթական բանակցությունների համար, որոնք վերսկսվել են միայն հունվարին՝ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման հետևանքով առաջացած երկամյա դադարից հետո, հաղորդում է Associated Press-ը:

Հանդիպումներն ավարտվել են կիրակի օրը։ Պաշտոնյաները քննարկել են ընթացիկ հարցեր, ինչպիսիք են Թայվանը, ռուս-ուկրաինական պատերազմը և Հարավչինական ծովում բախումները։

ԱՄՆ պաշտպանության նախարարի Չինաստանի, Թայվանի և Մոնղոլիայի հարցերով օգնականի տեղակալ Մայքլ Չեյզը գլխավորել է պատվիրակությունը, որը  մասնակցել է պաշտպանական քաղաքականության համակարգման երկկողմանի բանակցություններին, որոնք վերջին անգամ անցկացվել էին հունվարին։

Թեև ակնկալվում էր, որ բանակցությունները չեն հանգեցնելու տարբեր հարցերում վաղեմի տարաձայնությունների լուծմանը՝ սկսած Հարավչինական ծովի հանդեպ հավակնություններից վերջացրած Թայվանով, սակայն ԱՄՆ-ը շարունակել է պնդել քննարկումների անցկացման վրա, որպես հակամարտությունից խուսափելու միջոց:

Երկու զինված ուժերի միջև շփումները խզվել էին 2021 թվականին, քանի որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը մեծացավ Թայվանի ինքնիշխանության, COVID-19-ի ծագման և տնտեսական խնդիրների շուրջ աճող տարաձայնությունների պատճառով:

Նախկինում Պեկինն անտեսում էր փոխգործակցության վերաբերյալ ԱՄՆ-ի խնդրանքները, մասնավորապես՝ ամերիկյան և չինական ինքնաթիռների և նավերի որսալու պատճառով: Թեև շփումները վերսկսվեցին անցյալ տարվա նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումից հետո, սակայն պարզ չէ, թե արդյոք բանակցությունները կարող են շարունակվել, քանի որ  ԱՄՆ-ում մոտենում են նախագահական ընտրությունները:

bottom of page